Արձանագրությունը կազմելուց հետո ասում են՝ «քեզ դեռ կգտնեմ». կին պարեկ (տեսանյութ)

Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայությունում կին ծառայողների ներկայությունն ու դերակատարությունը դետալային նշանակություն ունի համակարգի ձևավորման և զարգացման գործում:

35-ամյա լեյտենանտ Հռիփսիմե Ստամբուլյանը նրանցից մեկն է: Նա ծառայում է այն սկզբունքով, որ ոստիկան է օրը 24 ժամ, շաբաթը 7 օր, տարին 12 ամիս՝ անկախ նրանից՝ տվյալ պահին համազգեստո՞վ է, թե՞ ոչ:

Վերջինս Ոստիկանության համակարգում է 2015 թվականից, Պարեկային ծառայությունում ներգրավվել է 2021 թվականից:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ փոքր հասակում կորել է, հայտնվել ոստիկանության բաժանմունքում. ոստիկանների ջերմ ընդունելությունը սեր է առաջացրել համակարգի նկատմամբ, մեծացել է և որոշել դրա մի մասը դառնալ:

Կին պարեկը միաժամանակ անկեղծանում է՝ եղել է շրջան, երբ հրաժարվել է ծառայությունից, թողել համակարգը, սակայն կարճ ժամանակ անց հասկացել է, որ ինչ-որ բան այն չէ. թերի է առանց ոստիկանական համազգեստի ու աշխատանքի:

«Ինձ իմ ափսեում չէի զգում, գործառույթներր, որ աշխատանքի ընթացքում իրականացնում էի, քաղցի նման ինձ հետապնդում էին, դրա համար նորից վերադարձա իմ աշխատանքին՝ համակարգ»,- նկատում է Հռիփսիմեն:

Վերջինիս համար գերնպատակ է իր աշխատանքով պայքարել այն խնդիրների դեմ, որոնք վտանգի տակ են դնում քաղաքացիների կյանքն ու առողջությունը:

«Ամենամեծ պայքարը տվյալ պահին թմրաշրջանառության դեմ պայքարն է: Ինքս դրա դեմ և՛ որպես ոստիկան եմ պայքարում, և՛ որպես մայր, և՛ որպես քաղաքացի, որովհետև չարիք է, չեմ ցանկանա, որ դա մտնի իմ տուն»,- ասում է նա:

Կին պարեկը միևնույն ժամանակ նկատում է, որ հայ հասարակությունում դեռ որոշակի պահպանվում են կին ոստիկանի կերպարի հետ կապված կարծրատիպային մոտեցնումները. «Միակ խնդիրը թերևս տղամարդկանց հետ շփումն է, քանի որ դեռ առկա է հասարակության մոտ, որ աղջիկը ինչի պետք է գիշերով դրսում լինի: Լինում են դեպքեր, երբ դրսում մոտենում ես, արձանագրություն կազմում, ու քաղաքացուն ոչ թե հուզում է այն, թե ինչու ես դու իրեն արձանագրում, այլ, թե ինչու ես դու գիշերը ժամը 3-ին դրսում. կինն ի՜նչ իրավունք ունի այդ ժամին դրսում լինել: Բայց մենք մեր պայքարն ունենք, ու արժեն այդ անքուն գիշերները՝ այդ արդյունքին հասնելու համար»:

Զարմացող և դժգոհող քաղաքացիների կողքին Հռիփսիմեն առանձնացնում է նաև այն քաղաքացիներին, որոնք փողոցում մոտենում են, գրկում, համբուրում, շնորհակալություն հայտնում, երբեմն էլ՝ ծաղիկներ նվիրում:

«Տատիկներ կան՝ այն սերունդը, ովքեր տարիներ շարունակ երազել են համակարգում լինել, համազգեստ կրել, և իրենց ցանկությունը որոշ առումներով չի իրականացել, մեզ տեսնելիս կարծես իրենց երազանքի կերպարին տեսնեն. գրկում են, պաչում, շնորհակալություն հայտնում, նրանց թվում է, որ իրենց երազանքը մենք ենք կատարում»,- ասում է նա:

Վերջինիս խոսքով՝ գրեթե բոլոր դեպքերն ու պատահարները միմյանց չզիջելու արդյունքում են լինում. Հռիփսիմեի հորդորն ու խնդրանքն է լինել ավելի փոխզիջող՝ համբերատար ու սիրալիր միմյանց նկատմամբ. «Եվ ամենագլխավոր խնդրանքս ու հորդորս է մեր քաղաքացիներին, որ օգտվեն գետնանցումներից ու վերնանցումներից, փողոցը հատեն օրենքով սահմանված տեղից, ոչ թե երբ և որտեղ պատահի: Եղել են դեպքեր, երբ վարչական արձանագրություն եմ կազմել, քաղաքացուն բացատրել եմ դրա պատճառներն ու հիմքերը, շնորհակալություն են հայտնել: Դեպքերն էլ են եղել, սակայն, որ արձանագրությունը կազմելուց հետո ասել են՝ «քեզ դեռ կգտնենք, կտեսնենք»: Դա ինձ հունից հանում է»:

Կիսվել սոց․ ցանցերում