Երևանի սրտում կանաչ այգին վտանգված է չորացումից․տեսանյութ

lragrogh.com լրատվականին դիմել է քաղաքացի Հայկ Նազարյանը ուղարկել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է միտումնավոր չորացվում Երևանի կենտրոնում՝ Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայի դիմացի այգին։
Նրա խոսքով՝ չնայած այգում առկա է ոռոգման համակարգ և հոսող ջուր, պետական կառույցները չեն ձեռնարկում որևէ քայլ այն պահպանելու համար։ Պատճառն այն է, որ տարածքը վարձակալությամբ տրված է «Պայծառ Երազ» ՓԲԸ-ին, որի հետ համայնքը գտնվում է երկարատև դատական գործընթացներում։
Քաղաքացին պատմում է, որ բազմիցս դիմել է պատասխանատու մարմիններին, սակայն այգին շարունակում է չորանալ։ Ի վերջո, նա ինքն է անձնական նախաձեռնությամբ սկսել ջրել տարածքը՝ վտանգելով իր անվտանգությունը, միայն թե փրկի այգին։
Մեր հարցմանը ի պատասխան Երևանի քաղաքապետարանը պարզաբանեց, որ դեռևս 2015 թ․-ի ապրիլի 21-ի որոշմամբ տարածքը տրամադրվել է «Պայծառ Երազ» ՓԲԸ-ին։ Սակայն ընկերությունը տարիներ շարունակ չի կատարել իր պարտավորությունները, ինչի հետևանքով գործը հասել է մինչև ՀՀ Վճռաբեկ դատարան։
Այսօր, երբ գործը դեռևս դատական ընթացքի մեջ է, այգին փաստացի մնացել է անտեր և չորացման եզրին։
👉 Հարգելի պատկան մարմիններ, խնդրում ենք ձեռնարկել անհապաղ քայլեր՝ փրկելու քաղաքի թոքերը հանդիսացող այս կանաչ տարածքը։
Տեսանյութում հնչեցված կարծիքը քաղաքացունն է, իսկ մեր լրատվականը պարզապես արձանագրում է ցավալի փաստը։
Կիսվել սոց․ ցանցերում