Նավթի գներն արդեն երկրորդ օրն անընդմեջ նվազում են։ Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկեց Իրանի հետ պատերազմն ավարտելու և հնարավոր խաղաղության համաձայնագրի ձեռքբերման մասին։
Brent տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 1,89 դոլարով կամ 1,7%-ով՝ հասնելով բարելի դիմաց 107,98 դոլարի։ Ամերիկյան West Texas Intermediate (WTI) տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 1,83 դոլարով կամ 1,8%-ով՝ հասնելով 100,44 դոլարի՝ նախորդ օրվա 3,9% անկումից հետո։
Երեքշաբթի օրը Թրամփն անսպասելիորեն հայտարարեց, որ կարճ ժամանակով կդադարեցնի Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցման գործողությունը՝ վկայակոչելով Իրանի հետ համապարփակ համաձայնագրի հարցում առաջընթացը, թեև համաձայնագրի վերաբերյալ մանրամասներ չհայտնեց։ Թեհրանից դեռևս անմիջական արձագանք չի եղել։
«Սա ազդարարում է հնարավոր դեէսկալացիայի մասին և հույսեր ներշնչում Ծոցում մնացած նավերի ազատման հարցում, ինչը կարող է աստիճանաբար շուկա վերադարձնել մատակարարումները»,- նշել է LSEG-ի նավթի գծով ավագ հետազոտող Ան Ֆամը։
Ֆամը հավելել է, որ գները շարունակում են բարձր մնալ (թե՛ Brent-ը, թե՛ WTI-ը գերազանցում են 100 դոլարը բարելի դիմաց), քանի որ խաղաղության համաձայնագրի հեռանկարները դեռևս անորոշ են, իսկ առևտրային հոսքերի լիարժեք վերականգնումը ժամանակ կպահանջի նույնիսկ համաձայնագրի կնքման դեպքում։
