Թանգարաններ այցելելը կարող է դանդաղեցնել ծերացումը

Մեծ Բրիտանիայում իրականացված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ արվեստի և մշակութային միջոցառումներին մասնակցելը կարող է դանդաղեցնել մարդու կենսաբանական ծերացումը։ Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 3500 մեծահասակների տվյալներ՝ գնահատելով, թե որքան հաճախ են նրանք զբաղվում մշակութային գործունեությամբ։ Պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր շաբաթը գոնե մեկ անգամ մասնակցել են նման ակտիվությունների, ունեցել են կենսաբանական ծերացման ավելի դանդաղ տեմպեր։

Հետազոտության համաձայն՝ նրանց օրգանիզմը մոտ 4 տոկոսով ավելի դանդաղ է ծերացել՝ համեմատած նրանց հետ, ովքեր գրեթե չեն առնչվել արվեստին։ Գիտնականները կիրառել են հատուկ «էպիգենետիկ ժամացույցներ», որոնք գնահատում են օրգանիզմի կենսաբանական տարիքը։ Արդյունքները ցույց են տվել նաև, որ արվեստով ակտիվ զբաղվող մարդիկ, իրենց առողջական վիճակից ելնելով, միջինում մեկ տարով «ավելի երիտասարդ» են եղել։ Գիտնականների կարծիքով՝ ապագայում արվեստն ու մշակութային միջոցառումները կարող են դիտարկվել որպես առողջ ապրելակերպի կարևոր բաղադրիչ։

Կիսվել սոց․ ցանցերում