Կառավարությունը դատական հայց է ներկայացրել համայնքներից մեկի կողմից 7-րդ դարի եկեղեցին Մայր Աթոռին որպես սեփականություն փոխանցելու որոշման վերաբերյալ, որպեսզի պատմամշակութային արժեքը վերադարձվի ժողովրդին։
Այս մասին Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետը։
Վերջինս հարցին անդրադարձավ, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը խնդրեց արձագանքել եկեղեցու կողմից բարձրաձայնված հարցին, թե Հայաստանը պետք է հինգ գյուղ ու Մատենադարան վերադարձնի եկեղեցուն և փոխհատուցում տա։
Հիշեցնենք՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը ավելի վաղ ուշագրավ հայտարարություններ էր արել՝ ասելով, թե՝ եթե պետությունն ուզում է, որ եկեղեցին հարկեր վճարի, ապա պետք է փոխհատուցի եկեղեցուն հասցրած վնասը։
«Ես հիշեցի, որ Հայ առաքելական եկեղեցին այլ երկրներում էլ նման հարց բարձրաձայնել էր, մտածեցի, որ ՀՀ-ի և այլ երկրների նկատմամբ վերաբերմունքը նույնանում է։ Եկեղեցին Թուրքիայի դեմ այդպիսի հայեցապահանջներ ներկայացրել ու ներկայացնում էր։ Չեմ զարմանա, որ այդ նույն տրամաբանությամբ առաջնորդվի նաև Հայաստանի նկատմամբ, և դա բավականին խոսուն փաստ է։ Ուզում եմ ուշադրություն հրավիրել մի հանգամանքի վրա, որ ժամանակին Կառավարությունը և եկեղեցին պետք է համատեղ նախագիծ անեին, որովհետև այսօր պատմամշակութային հուշարձաններ կան, որոնք ուղղակի փլուզվում են։ Այդ առաջարկը, թեման հետաքրքիր չի եղել եկեղեցու համար, ենթադրում եմ նրա համար, որ ինչպես Կառավարությունը, այնպես էլ եկեղեցին պետք է լինեին թափանցիկ, իսկ դա գործնականորեն միշտ չէ, որ հնարավոր է լինում»,- ասաց վարչապետը։
Ինչ վերաբերում է եկեղեցու պահանջներին, նա դրանք լուրջ չհամարեց՝ ընդգծելով, որ այդ արտահայտությունները խոսում են մարդկանց մտքերի ընթացքի, այլ ոչ թե իրողությունների մասին։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
