Ավտովթար՝ Երևանում. «Թումո» կենտրոնի մոտ բախվել են «Ford», «Kia», և «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենաները

Այսօր՝ մայիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Հալաբյան փողոցում՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի դիմաց, բախվել են «Ford», «Kia», և «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, տեղում իրականացրել հերթապահություն:

Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել 2 հոգու, ապա նրանցից մեկին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկաին ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներին նաև օգնություն է ցուցաբերել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

Լուսանկարերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2024/05/23/1262153?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR3so6S3zLkkKk444r3G7TV1cTnyHpgDqCg_t_4flQopXlbwVI9A7L3l2fo_aem_AZatpb02ltEBJrUJc3ZKq6DNdcRTUEhanghtdYOWpPqmOuMIkc8n4zQZS7Clt24MqR-efwWEEo-WfVRsA4zL8Lc9

Կիսվել սոց․ ցանցերում