Գնել Սանոսյանը հանձնարարականներ է տվել՝ կապված վնասների գույքագրման աշխատանքների հետ, դիտարկել Մ6 մայրուղու վնասները

Ալավերդու համայնքապետարանում ավարտվել է Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը։

Այն վարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նիստին մասնակցել է նաև վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը։

Նախարարին զեկուցվել է երեկ երեկոյան տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ինչպես նաև վաղ առավոտից մեկնարկած աշխատանքների, Ալավերդի քաղաքի փողոցների մաքրման, վնասների գույքագրման, ընթացիկ այլ աշխատանքների կատարման ընթացքը։ Նախարար Սանոսյանը տվել է մի շարք հանձնարարականներ՝ կապված վնասների գույքագրման աշխատանքների հետ։

Ջրառ ՓԲԸ տնօրենը զեկուցել է ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Նախարարը հանձնարարել է բոլոր աշխատանքները իրականացնել համակարգված, հնարավորինս արագ և գրագետ ձևով։

Նիստից հետո Սանոսյանը շարունակել է դիտարկել Մ6 մայրուղու վնասները։

Կիսվել սոց․ ցանցերում