Սյունիքում կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և մկրատաձև-կողաշրջված հայտնվել ձորում․ կա տուժած

Օգոստոսի 31-ին՝ ժամը 02։55-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1986 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 15 մետր) և մկրատաձև-կողաշրջված հայտնվել ձորում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Կիսվել սոց․ ցանցերում