Թալանել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակցին՝ պատճառելով մի քանի միլիոն դրամի վնաս

Հունիսի 1-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 23։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Մուրադ Բ․-ն և հայտնել, որ Առնո Բաբաջանյան 26/8 հասցեի մոտ նկատել է, որ պատուհանի ճաղավանդակից փայտի միջոցով քաշելով  գողացել են իր կնոջ պայուսակը և ավելացրել, որ փայտի կտորը ընկած է գետնին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մեկնել է ոստիկանության խումբը:

Ոստիկանները պարզել են, որ այդ օրը՝ ժամը 21։00-ից մինչև 23։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք Երևանի բնակիչ 61-ամյա Նարգիզ Կ․-ին պատկանող տան բաց պատուհանի ցանցը պատռելու միջոցով փայտի օգնությամբ գողացել են վերջինիս պայուսակը, որի մեջ եղել է իր և իր քրոջ ոսկյա զարդերը, Նարգիզ Կ․-ի անձնագիրը, բանկային և կենսաթոշակային քարտերը և գումար: Ըստ Նարգիզ Կ․-ի՝ իրեն պատճառվել է 5 մլն դրամի վնաս:

Դեպքի փաստով  կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են քննչական բաժին։

Կայքի տեղեկություններով, Նարգիզ Կ․-ին ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում որպես առաջին կարգի մասնագետ։

Կիսվել սոց․ ցանցերում