ԱԺ «Հայաստան» դաշինքի դաշնակցական պատգամավոր, այսպես կոչված՝ «Սրբազան շարժման» առաջնորդներից համարվող Գառնիկ Դանիելյանը այսօր առավոտյան Բաղրամյան փողոցում տեղադրված վրանների ֆոնին ճեպազրույցի ընթացքում հայտարարեց, թե ԱԺ խորհրդի նիստում կառավարությանն ուղերձ հղող տեքստ կմշակեն, որը, իր վստահությամբ, դրական եզրակացություն կստանա, ու այդպիսով ԱԺ-ն ուղերձ կհղի Կառավարությանը՝ հրաժարական տալ։ Խորհրդի կազմը ՔՊ-ական պատգամավորներից է կազմված. եթե ՔՊ-ականները փորձեն խոչընդոտել՝ չեն հաջողի, կարծիք հայտնեց Գառնիկ Դանիելյանը։ Դիտարկմանը, թե վարչապետին անվստահություն հայտնելու և ուղերձ հղելու մասով ՔՊ-ականները բազմիցս հայտարարել են, թե անհնար է, որ իրենք միանան այդօրինակ որևէ նախաձեռնության, և հարցին՝ ինչպե՞ս է ընդդիմությունը ստանալու ՔՊ-ականների ձայները, ի պատասխան Դանիելյանը հերթական սուտն ասաց՝ ցանկալին փորձելով ներկայացնել որպես իրականություն։ «Իրենք տեսախցիկի առաջ ուրիշ բաներ են ասում, ուրիշ տեղեր՝ ուրիշ։ Մեր հանրահավաքներին իրենց բարեկամներից, հարազատներից, ընտանիքի անդամներից ստեղ մարդ է լինում, մոտենում է։ Պատգամավորների բարեկամները, եղբայրներն էլ են մասնակցում։ Ասում են, որ ՔՊ-ականները գերի են այնտեղ, ասում են, որ իրենք էլ հաշտ չեն էդ իրականության հետ՝ ոչ բոլորը, բայց բավական մարդիկ կան, որ պահվում են կոմպրոմատների, շանտաժի, սպառնալիքի տակ, և նաև իրենք են ուզում, որ մարդիկ հավաքվեն, և այդ ճնշման ընթացքում իրենք կարողանան նաև իրենց, այսպես ասած, ներսի կուտակված ամեն ինչը արտահայտեն, մասը կազմեն այս պրոցեսներին»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։
Ապա Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ արտահերթ նիստ հրավիրելու համար ընդդիմադիր 33 պատգամավոր է ստորագրել։ Հետո ավելացրեց, որ ևս 2 պատգամավոր տեխնիկական պատճառներով չի հասցրել միանալ։ Civic.am-ի տեղեկություններով՝ չմիացած պատգամավորներն են ՊՈՒ խմբակցությունից Տարոն Մարգարյանն ու Մարտուն Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ ընդդիմությունը միասին ունի 36 մանդատ, այդ թվում՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը լքած Իշխան Զաքարյանը։ Ստացվում է, բացի Իշխան Զաքարյանից՝ ևս 2 պատգամավոր չի ստորագրել։ Մինչ Գառնիկ Դանիելյանը խոսում է նրանից, որ ՔՊ-ական պատգամավորները շունչները պահած սպասում են, թե ե՞րբ է ժողովրդի ճնշումն ավելանալու, որ կարողանան լքել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ու միանալ վարչապետին ու կառավարությանը անվստահություն հայտնելու գործընթացին, շարժումը կորցնում է ընդդիմադիր պատգամավորների ձայները։ Եվ, ակնհայտորեն, նոսրանում է ոչ թե կառավարող մեծամասնության, այլ՝ ընդդիմության շարքերը։ Գառնիկ Դանիելյանն ու շարժման մյուս լիդերները, այդ թվում՝ Վազգեն Գալստանյանը, կամ հասարակ ստախոսներ են, կամ զուգահեռ իրականությունում են ապրում։ Դրա մասին են խոսում նաև Գալստանյանի իլյուզիաները, երբ հրապարակի բեմահարթակից հավաքի մարդաշատությունն ընդգծելու համար դիմում է, օրինակ, դեպի Ամիրյան փողոցի հատվածում իբր հավաքված ցույցի մասնակիցներին ու հարցնում՝ լսվո՞ւմ է արդյոք այնտեղ իր ձայնը։ Իրականում, սակայն, այդ տարածքում մարդիկ չկան, ու հրապարակը կիսադատարկ է։ Ստացվում է, որ կա՛մ Գալստանյանը ևս զուգահեռ իրականությունում է ապրում, կտրվել է իրականությունից, կա՛մ սուտասան է ու մանիպուլյատոր։
Մինչ ընդդիմությունը ամպագոռգոռ հայտարարում է, թե իշխանությունը ճաքեր է տալիս, իրենց մեկամսյա «հուժկու» ճնշումների արդյունքում կորցրին ընդդիմադիր 3 պատգամավորի։
Վովա Հակոբյան
