Հայաստանը դարձավ Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի անդամ

Հայաստանի Հանրապետությունը դարձավ Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի անդամ։ ՀՀ ազգային ժողովն այսօր՝ հունիսի 12-ին ընդունեց «Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» համաձայնագիրը վավերացնելու օրենքի նախագիծը։

Նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, ով նշեց, որ այս անդամակցումը ՀՀ-ին հնարավորություն կընձեռի մասնակցելու տարածաշրջանային խոշոր ներդրումային ծրագրերին, համագործակցել զարգացման բազմակողմ և երկկողմ այլ հաստատությունների հետ ու ներգրավել պետական և մասնավոր կապիտալ:

«Միաժամանակ այն կարող է ստեղծել հնարավորություններ Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման նպատակով Չինաստանի ֆինանսավորմամբ ներդրումների ներգրավման համար: Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին անդամակցումը նպատակահարմար է համարվում նաև վարկային միջոցների աղբյուրների դիվերսիֆիկացման տեսանկյունից»,-ասաց Հովակիմյանը։

Հովակիմյանը նշեց, որ 2017 թվականից կառավարությունը քննարկել է բանկին 5 բաժնեմասով միանալու հարցը, որը բանկի կողմից մերժվել է: Հիմա կա ԵՆԱԲ-ին 374 բաժնեմասով միանալու և անդամ դառնալու մասին կառավարության որոշումը:

«Ռիսկերի և վարկային միջոցների դիվերսիֆիկացման տեսանկյունից նախագիծն արդարացված է: Հայաստանը միանալու է 374 բաժնեմասի բաժանորդագրմամբ: Մեկ բաժնեմասի արժեքը 100 հազար ԱՄՆ դոլար է, որի 20 տոկոսի վճարվում է, իսկ մնացածը՝ ցպահանջ»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն էր տվել Հայաստանի՝ Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին միանալու նախագիծը վավերացնելուն:

Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը (ԵՆԱԲ) հիմնվել է 2015 թվականին Չինաստանում: Այն բազմակողմ զարգացման բանկ է, որի նպատակն է նպաստել կայուն տնտեսական զարգացմանը, ստեղծել բարեկեցություն և բարելավել ենթակառուցվածքները՝ ներդրումներ կատարելով ենթակառուցվածքներում և այլ արդյունավետ ոլորտներում, խթանել տարածաշրջանային զարգացումը Ասիայի և Օվկիանիայի տարածաշրջանում՝ այլ միջազգային բազմակողմ և երկկողմ զարգացման կառույցների հետ սերտ համագործակցությամբ:

Կիսվել սոց․ ցանցերում