Սարդերը հյուսում են, Անդրանիկը՝ ոստայնից նկարներ ստեղծում. Գյումրիում գործում է աշխարհում եզակի պատկերասրահ

«I am dust. ես փոշի եմ կամ էներգիա». այս արտահայտությունն ստորագրություն է, որը գյումրեցի Անդրանիկ Ավետիսյանը թողնում է իր ինքնատիպ աշխատանքների վրա:

Գյումրիում է գտնվում նրա հիմնադրած՝ աշխարհում եզակի Սարդոստայն արվեստի պատկերասրահը: Բոլոր նկարները ստեղծված են և ստեղծվում են բնական սարդոստայնից:

Անդրանիկը մասնագիտությամբ նկարիչ չէ: Գործարարը, սակայն, մեծացել է արվեստագետի ընտանիքում: Հայրն է եղել նկարիչ, իսկ որդուն ձգել են բնական գիտությունները. իրենը թվերի աշխարհն է եղել:

Թվերից չհրաժարվեց, բայց շատ անսպասելի հայտնվեց սարդոստայնում

«Հորս մահից մոտ 3 ամիս հետո ցանկացած գործնական, ընկերական հանդիպում, որից կարող էր էմոցիա ծնվել, պատկերի ձև էր ստանում: Անընդհատ էր էդ պրոցեսը, նեղում էր ինձ, ու ես սկսեցի նկարել՝ ինչի վրա պատահեր: Հետո սկսեցի ներկերով աշխատել: Իմ փիլիսոփայության և աշխատանքների հիմնական թեմաներն են կյանքը, մարդկային հարաբերությունները, արվեստը, սկիզբը, տիեզերական էներգիան, Նեյրոնային ցանցը, մահը, մարդու դերը երկիր մոլորակի վրա: Էդ թեմաներն արտահայտելու համար ներկերը բավարար չէին: Ես սկսեցի փնտրել նոր նյութ: Պատահական սարդոստայնը տեսա ու էդ պահից հասկացա, որ ինչ-որ պետք է, ես գտել եմ»:

Համացանցում փնտրել, տեսել է, որ նմանատիպ բան աշխարհում այժմ գոյություն չունի և որոշել է զբաղվել սարդանկարչությամբ: «Եթե լիներ, չէի զբաղվի, կրկնելը իմը չէ»,- ասում է Անդրանիկը:

 

Բնությունից մի քանի սարդ է հավաքել, տարել արվեստանոց ու սկսել ուսումնասիրել դրանք: Սարդերն իրենց ոստայնն են հյուսել, Անդրանիկն էլ՝ իր ստեղծագործական նոր աշխարհը: Փորձարկումները երկու տարի են տևել, և ծնվել է առաջին աշխատանքը:

Արդեն 2015-ին սարդանկարներ է ունեցել, որոնք պատրաստ են եղել ցուցադրության: Անդրանիկը բացել է Սարդոստայն արվեստի իր պատկերասրահը, որը շատ արագ հայտնի է դարձել աշխարհ տաբեր երկրներում:

Ամբողջական նյութը՝

https://www.armtimes.com/hy/article/290465

Կիսվել սոց․ ցանցերում