Ապագա քրեական ոստիկանների կրթությանը կմասնակցի նաև Հետաքննությունների դաշնային բյուրոն

Օգոստոսի 27-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI)՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ Ալեքսանդր Թիգույի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ-ից:

 

 

Ողջունելով նորանշանակ իրավական կցորդին՝ Արփինե Սարգսյանը վստահություն է հայտնել, որ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաև նրա պաշտոնավարման ընթացքում:

 

 

Անդրադառնալով իրավապահ համակարգում Հետաքննությունների դաշնային բյուրոյի փորձառության արդիականությանը՝ փոխնախարարը մատնանշել է Բյուրոյի հետ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ամենօրյա աշխատանքը, այդ թվում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումները, համատեղ իրականացված վերապատրաստումները։

 

 

Քրեական ոստիկանության վերաիմաստավորման շրջանակում Արփինե Սարգսյանն անդրադարձել է ՆԳՆ կրթահամալիրում ընթացող ապագա քրեական ոստիկանների վերապատրաստումներին։

 

 

Այդ գործընթացում փոխնախարարը կարևորել է օպերատիվ տվյալների մշակման և վերլուծության ուղղությամբ Բյուրոյի գործընկերների հետ փորձի փոխանակման և վերապատրաստումների անցկացման անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա շարունակելու ամրապնդել և կայունացնել ապագա քրեական ոստիկանների մասնագիտական կարողությունների զարգացումը։

 

 

Վերապատրաստման արդյունքում ապագա ծառայողները հնարավորություն կունենան կատարելագործել գիտելիքները կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, ապօրինի միգրացիայի, կիբեռհանցավորության և այլ ուղղություններով։

 

 

Ալեքսանդր Թիգույը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ բարձր է գնահատել ՆԳ նախարարության հետ սերտ փոխգործակցությունը և պատրաստակամություն է հայտնել փորձի փոխանակման շրջանակում ՆԳՆ կրթահամալիրի հետ ձևավորել համագործակցություն։

 

 

Քննարկվել են ծառայողների ուսումնառության, կրթական հնարավոր ուղղությունների ակտիվացման, ինչպես նաև այլ հարցեր։

 

 

Քննարկվել է նաև հետախուզվողների հայտնաբերման ուղղությամբ աշխատանքների կարևորությունը:

 

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնելու համագործակցության օրակարգը։

 

 

Օգոստոսի 28-ին Ալեքսանդր Թիգույի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՆԳՆ կրթահամալիր։

 

 

Պատվիրակության անդամները ՆԳՆ կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանի ուղեկցությամբ հետևել են ապագա քրեական ոստիկանների և պարեկների վերապատրաստման դասընթացներին, ծանոթացել կրթական չափորոշիչներին և առանձնահատկություններին։

Կիսվել սոց․ ցանցերում