Այրվող դրոշ են տեսնում այն մարդիկ, որոնք ուզում են դա տեսնել. Մարտիրոսյանը՝ «Մայրենի 3» դասագրքի կազմի մասին

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը պարզաբանել է «Մայրենի 3-րդ» դասագրքի վերջին կազմի վերաբերյալ բարձրաձված աղմուկը։

Ըստ նրա՝ դիզայնի հետ որևէ խնդիր չկա, իսկ բարձրաձված աղմուկը անտեղի է։

«Այրվող դրոշը այրվում է մակերեսի վրա, ոչ թե դրոշիմակերեսից երկու անգամ դուրս։ Ես տեսել եմ, թե ոնց է դրոշ այրվում։ Հիմա այս հայտարարությունները, թե դրոշը այրվում է գրքի կազմում, անում են այն մարդիկ, որոնք ուզում են տեսնել այրվող դրոշ։ Ես տեսնում եմ դրոշը, որը բարեկամների համար լույս ու ջերմություն է ճառագում, թշանմիների համար կրակ։ Այդ կրակը ավելի մեծ է, քան դրոշը։ Մնացած հարցերը մեկնաբանման խնդիր են»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ գրքի կազմում պատկերված է միասնություն, համաձայնություն և ընդհանուր առմամբ արված դիզայնը գեղեցիկ է։ Մարտիրոսյանը նշում է նաև, որ իրեն զանգահարել են գրքի տպագրված կազմից դժգոհ դասագրքի հեղինակները, որոնք նույնպես խնդրել են բացատրություն տալ․

«Զանգել են, ասել են՝ մեզ գիտական բացատրություն տվեք։ Մենք ֆայլին ձեռք չենք տվել, ոնց տվել են, առանց բացելու տվել ենք, մենք իրավունք չունենք միջամտենք որևէ կազմակերպության դիզայնին։ Հա, ի՞նչ, սիրո՞ւն չէ․ ինչ-որ մեկը ուզեցել է տեսնել այրվող դրոշ, դա է տեսել, ուզենար տեսնել դրոշ, որը լույս է ճառագում, կտեսներ։ Այդ դիզայնը շատ էլ լավն է»։

Մարտիրոսյանը «Հայկական ժամանակ»-ին է տրամադրել նաև պարզաբանման տեքստն ու տեսանյութը, որտեղ հստակ երևում է, ընդգծվում է, որ գրքի կազմի տպագրության հետ կապված որևէ միտումնավոր քայլ թաքնված չէ։

Տեսանյութն ու պարզաբանման տեքստը՝ ստորև․

«Բարև ձեզ։ Սա Մայրենի 3 մաս 1 դասագրքի կազմն է, այնպիսին, ինչպիսին պետք է տպագրվեր: Ուզում եմ մասնագիտական տեսանկյունից բացատրել այն տեխնիկական խնդիրները, որոնք ոմանք համարում են միտումնավոր գործողություն: Սա արտաքին տեսքն է, երկրորդ շերտում դրված են էֆեկտներ, 3֊րդ շերտում կազմի հետևի մասում կազմի դիմային պատկերն է նորից տեղադրել ձևավորողը: Ֆայլը տեխնիկապես ուսումնասիրելիս չի երևում կառուցվածքը, բայց երբ գունաբաժանման մեքենան արծածել է ամբողջը, չի ճանաչել և չէր կարող ճանաչել էֆեկտները, ինչի արդյունքում 2֊րդ շերտը անտեսել է մեքենան, 3֊րդ շերտի պատկերն արտահայտվել է առաջին շերտի տակ և երևում է տղան դրոշով, կրակի կողքը: Այստեղ ոչ մի միտումնաբար արված գործողություն չկա, սրանք տեխնիկական խնդիրներ են, որոնք հաճախ պատահում են տպագրության ոլորտում»։

Կիսվել սոց․ ցանցերում