Պետական ռեգիստրը օգոստոսի 23-ին գրանցել է ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ «Շմայսի» ազգականի ղեկավարած կուսակցությունը։ Խոսքը Երևանի ավագանու անկախ անդամ, «Հանրային ձայն» խմբակցությունից դուրս եկած Ալբերտ Մովսեսյանի «Արդար խոսք»-ի մասին է։ «Ազդարար» հարթակում հրապարակված կուսակցության ծրագիրն ուսումնասիրելիս պարզվեց, որ այն ծայրից ծայր արտագրված (միայն կուսակցության անվանումն է փոխված), այսինքն՝ գողացված է մեկ այլ կուսակցությունից՝ «Ազգային առաջընթաց»-ից, որը Երևանի ավագանիում ներկայացված է համանուն խմբակցությամբ։ Փաստորեն, այս նորաստեղծ պրոյեկտի ղեկավարությունը որոշել է դիմել հեշտ եղանակի՝ գրագողության, փոխարենը նստելու, գլուխ ջարդելու ու մի խելքը գլխին ծրագիր գրելու։ «Ազգային առաջընթաց»-ում տեսնես տեղյա՞կ են այս գողության մասին, հեղինակային իրավունքների հարց կբարձրացնե՞ն։
Մամուլը գրել էր, որ Ալբերտ Մովսեսյանին Վարդան Ղուկասյանն առաջարկել է իր կողմից ստեղծված նոր ուժի՝ «ԴՕԿ»-ի ղեկավարը լինել, սակայն Մովսեսյանը հրաժարվելէ համագործակցությունից։
Ի դեպ, Ալբերտ Մովսեսյանի հայրը՝ ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Միհրան Մովսիսյանը (հոր և որդու ազգանունները, փաստորեն, մեկ տառի տարբերությամբ են) ժամանակին ստեղծել էր Ազատամարտի և կանանց վետերանների միությունը, այժմ էլ թունդ ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս՝ մեկումեջ հարցազրույցներ տալով ու քննադատելով գործող իշխանությանը։ Միհրան Մովսիսյանը, ինչպես մամուլն է գրում, Առաքել Մովսիսյանի (Շմայսի) հորեղբոր որդին է և հայտնի է իր քրեական անցյալով: 2016թ.-ին նա ձերբակալվել էր Հայաստանից 200 մլն դոլարի ուրան հանելու և ապօրինի ճանապարհով Թբիլիսիում իրացնելու համար: Միհրան Մովսիսյանի անունը շրջանառվում էր նաև Հոկտեմբերի 27-ի, ապա իր թիկնապահի՝ Սամվել Առաքելյանի սպանության գործերի շրջանակներում: Միհրան Մովսիսյանը որդու կուսակցության խորհրդի անդամ է և վերջերս թերթերից մեկին տված հարցազրույցում նշել է, թե պատրաստվում են առաջիկա արտահերթ կամ հերթական ընտրություններին։ Նա նշել է նաև, որ կուսակցությունը մեծ դժվարությամբ են գրանցել, «անհասկանալի տարբեր պատճառներով մերժում էին»։ Նաև հավելել է, թե որևէ մեկի պրոյեկտը չեն՝ ոչ ռուսամետ են, ոչ էլ արևմտամետ, «հայամետ» են և աշխատելու են «հանուն մեր երկրի կայունության և բարելավման»։ Որդին՝ Ալբերտն էլ, որը անհատ ձեռներեց է «Յանդեքս» տաքսի ընկերությունում՝ «Նիմկա տրանս» տաքսապարկի տնօրենը, նշել է, թե կուսակցության գրանցումից հետո վայր չի դնի մանդատն ու կշարունակի աշխատել որպես «անկախ ավագանի»։
Հ. Մ.
Աղբյուրը՝
https://civic.am/news/75936