1998թ.  Անվտանգության  խորհրդի հայտնի նիստից 26 տարի անց.  որտե՞ղ են հայտնի  ուժերը

2020թ. արցախյան պատերազմից հետո շատ փաստեր, իրադարձություններ, որոնք մոռացվել էին կամ պատմության գիրկն անցել, սկսեցին վերարժեւորվել եւ վերաիմաստավորվել: Սոցիալական ցանցերում, տարբեր հարթակներում պարբերաբար քննարկվում է, թե ինչ կլիներ, զարգացման, հեռանկարի ինչ հնարավորություններ կունենային Հայաստանը եւ Արցախը, եթե 1998թ. Հայաստանի եւ Արցախի իշխանության մեջ առանցքային դերակատարում ունեցող հայտնի ուժերը (Լեւոն Տեր-Պետրոսյանի բնորոշումն է) դեմ  չլինեին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` Արցախի հարցում առաջարկած փոխզիջումներին եւ նրան չպարտադրեին հրաժարական:

Հասարակությունն այն ժամանակ չունեցավ որեւէ դերակատարում, նախապես տեղեկացված  չէր  քաղաքական  կուլիսներում  տեղի ունեցած  տարաձայնություններից,  քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց  հայաստանցի եւ արցախցի  մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների պահանջով:  Հետագայում, տարիներ անց, ՀՀ առաջին նախագահն իր այդ քայլը հիմնավորեց   երկրում քաղաքացիական պատերազմից խուսափելու նպատակով:

Համացանցում ժամանակ առ ժամանակ տարածվող եւ քննարկվող 1998թ. հունվարի 7-8-ին կայացած Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի արձանագրությունը ( օրակարգում` <Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ուղիները>), որտեղ, ըստ էության, վճռվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը, հետահայաց շատ իրողությունների  վրա է լույս սփռում:

Չնայած Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստին մասնակցել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, սակայն նրանցից  միայն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը,  Վազգեն  Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը, Օլեգ Եսայանը եւ Լեոնարդ Պետրոսյանն են  հրապարակային կարծիքներ հայտնել, դեմ արտահայտվել Լեւոն Տեր-Պետրոսյանի ծրագրին, համոզված եղել, որ ստատուս-քվոյի եւ շրջափակման պայմաններում  էլ Հայաստանը կարող է զարգանալ:

Ի?նչ  ճակատագրի արժանացան այդ պաշտոնյաները, որտե?ղ են նրանք, ինչո?վ են հիմա  զբաղվում:

Այն ժամանակ ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը,  որը  մինչ Հայաստան գալը, Արցախի  Հանրապետության  նախագահն էր, Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից  հետո դառնալով  ՀՀ նախագահ, տասը տարի ղեկավարեց երկիրը: 2018թ. իշխանափոխությունից հետո նրան մեղադրանք առաջադրվեց 2008թ. մարտի 1-ին, հեռանալուց առաջ, խաղաղ ցուցարարներին գնդակահարելու, երկրում  սահմանադրական կարգը տապալելու  համար: Քոչարյանն, իհարկե, մի քանի ամիս անցկացրեց բանտում, սակայն պատերազմից հետո նա դարձավ ընդդիմության առաջնորդ, եւ նրա ղեկավարած  <Հայաստան> խմբակցությունն այսօր ներկայացված է խորհրդարանում: Քոչարյանը պարբերաբար հավաքներ է կազմակերպում` ընդդեմ գործող իշխանությունների, սակայն, չնայած ֆինանսական  ներդրումներին, նրա հովանու ներքո գործող ԶԼՄ-ների մեդիատեռորին,  հանրային լայն աջակցություն չի գտնում: Մարդիկ չեն մոռանում այն քրեական բարքերը, ապօրինությունները, քաղաքական  սպանությունները, ընդդիմության  նկատմամբ  հալածանքները, բռնություններն  ու ընտրակեղծիքները,  որոնք տեղի են ունեցել նրա իշխանավարման տարիներին:

Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք ՀՀ ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար աշխատած Սերժ Սարգսյանը  Ռոբերտ Քոչարյանից հետո, 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով  եւս տասը տարի զբաղեցրեց ՀՀ նախագահի պաշտոնը, 2018թ. իշխանությունից հեռացավ հանրային ճնշման հետեւանքով: Նա նախընտրում է այսօր հանրային ակտիվ գործունեություն չծավալել, թեեւ իր թիմը` <Պատիվ ունեմ>  դաշինքը,  ներկայացված է խորհրդարանում:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, հետագայում` վարչապետ Վազգեն Սարգսյանը, ում անվան հետ է ավելի շատ կապվում Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը,  1998թ. ամեն կերպ աջակցեց  Ռոբերտ Քոչարյանին ՀՀ նախագահ դառնալու գործում, 1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում  դարձավ ահաբեկչության զոհ:

Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանին  (1997-2007թթ.)  2023թ. հոկտեմբերի  3-ին  Ադրբեջանը Արցախի տարածքից առեւանգեց, եւ այդ պահից նա գերու կարգավիճակով գտնվում է Բաքվի բանտում:

Արցախի  Հանրապետության վարչապետ (1994-1998թթ.), Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար (ապրիլ-սեպտեմբեր, 1997թ.), ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (1998-1999թթ.), ՀՀ օպերատիվ հարցերի նախարար (1999թ.)  Լեոնարդ Պետրոսյանը 1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում  դարձավ ահաբեկչության զոհ:

Արցախի առաջին վարչապետ (1992թ. հունվար-օգոստոս) Օլեգ Եսայանը հետագայում, որպես ՀՀ դեսպան, մեր երկիրն էր ներկայացնում Ռուսաստանում եւ Բելառուսում:

Ըստ որոշ տեղեկությունների` նա այժմ ապրում է Մինսկում, նրա կինը Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոյի բարեկամուհին է:

 

Թագուհի  Հակոբյան

 

 

Կիսվել սոց․ ցանցերում