Հնդկաստանում ընդդիմադիր կոալիցիան համակարգող հանձնաժողով է ստեղծել

Հնդկական ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիան I.N.D.I.A. 2024 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար համակարգող հանձնաժողով է ձևավորել։ Այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Հնդկական ազգային կոնգրես» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Ռահուլ Գանդին։

Կոալիցիայի անդամ կուսակցությունների առաջնորդների երկօրյա հանդիպումը կայացել է Մումբայում և ավարտվել ուրբաթ օրը՝ բանաձևի ընդունմամբ։ Դրանում նրանք հայտարարում են գալիք ընտրություններին «հնարավորինս միասնաբար» մասնակցելու,  թեկնածուների տեղաբաշխման գործընթացն արագացնելու, ամբողջ երկրում  հանրահավաքներ կազմակերպելու, ինչպես նաև միասնական համակարգող մարմինների միջոցով նախընտրական միջոցառումները համակարգելու վճռականության մասին։

«Հանդիպմանը մասնակցած կողմերը ներկայացնում են բնակչության 60 տոկոսը։ Եթե ​​նրանք միավորվեն, ապա ընտրություններում BJP-ի (երկրի իշխող Bharatiya Janata կուսակցությունը) հաղթանակն անհնար կլինի։ Մեր խնդիրն է առավելագույնս արդյունավետ կերպով համատեղել ջանքերը։ Այս ուղղությամբ առաջին քայլը համակարգող կոմիտեի ստեղծումն է»,- հանդիպումից հետո ամփոփիչ ասուլիսում ասել է Գանդին։

Կիսվել սոց․ ցանցերում