Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը

Սեպտեմբերի 15-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Խաչի տոնը: Այն նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Խաչվերաց նշանակում է՝ խաչը վեր բարձրացնել:

Օրվա խորհրդով եկեղեցիներում կմատուցվի պատարագ, կկատարվի խաչի բարձրացման հանդիսավոր արարողություն: Սա Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է համարվում:

Երեկոյան մեծ հանդիսավորությամբ կկատարվի Խաչվերացի թափորը: Խաչը զարդարվում է գույնզգույն ծաղիկներով, ռեհանով։ Այն պտտեցնում են եկեղեցու շուրջը, որը խորհրդանշում է Խաչափայտը՝ Հայկական լեռնաշխարհով դեպի Երուսաղեմ տանելը: Կատարվում է անդաստանի կարգ:

Քահանան օրհնում է աշխարհի չորս կողմերը՝ խաղաղություն խնդրելով Աստծուց։ Արարողությունից հետո սկսվում է երեկոյան ժամերգությունը:

Հաջորդ օրը մեռելոց է, եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում