Աշխարհի գրեթե բոլոր երկրներում մահացությունների դեպքերի պատճառներից առաջատարը սրտանոթային հիվանդություններն են, որոնք հիմնականում հանդիպում էին 40 և բարձր տարիքի անձանց շրջանում: Մասնագետները, սակայն, սկսել են ահազանգել՝ գնալով հիվանդությունը դեռահասների շրջանում մեծանում է, ինչը մեծ ռիսկ է:
ՀՀ առողջապահության նախարարության մանկական սրտաբանության գծով խորհրդատու Հասմիկ Մինասյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում փաստում է՝ վերջին շրջանի վիճակագրությունները ցույց են տալիս, որ ներկա պահին դեռահասների շրջանում սրտանոթային հիվանդությունները իսկապես մեծ տոկոս են կազմում:
Ըստ նրա՝ պատճառն այն է, որ դեռահասների, երիտասարդների ֆիզիկական ակտիվությունը սահմանափակ է, ապրելակերպը՝ անառողջ, քանի որ վերջիններս երկար ժամանակ են անցկացնում համակարգչի դիմաց, վարում նստակյաց կյանք։
Մասնագետի խոսքով՝ դեռահաս ասելով՝ պետք է նկատի ունենալ 13-17 տարեկաններին։ Ըստ Մինասյանի՝ սրտանոթային հիվանդություններից հիմնականում հանդիպում է զարկերակային հիպերտեզիան։
«Շատ են օգտագործում ֆասթ ֆուդ (արագ սնունդ), էներգետիկ ըմպելիքներ, առաջացնում ավելորդ քաշ։ Ամենից հաճախ հանդիպող զարկերակային հիպերտեզիան գանգատներ չունի, սակայն կարող է, օրինակ, լինել գլխացավ։ Սկզբնական շրջանում բարձր զարկերակային ճնշումը գանգատներ չի առաջացնում, մինչև չի վնասում տարբեր օրգաններ։ Սովորաբար ընդունված է, որ տարին մեկ անգամ (չորս տարեկանից հետո) պետք է երեխայի ճնշումը չափել, քանի որ հիվանդությունը վերը նշված պատճառներից բացի, առաջանում է նաև տարբեր օրգան համակարգերի խնդիրների դեպքում»,- մանրամասնում է նա։
Մինասյանը ընդգծում է՝ եթե ընտանիքում կա կամ եղել է անձ, որն ունի կամ ունեցել է զարկերակային հիպերտեզիա, ապա հավանական է, որ հիվանդությունը ժառանգաբար փոխանցվի․ «Զարկերակային հիպերտեզիան հետագայում բերում է ավելի լուրջ խնդիրների, վնասում տարբեր օրգան համակարգերը։ Եթե ճնշման բարձրացումը երկարատև է, այս դեպքում սրտամկանի հաստացում է լինում, խրոնիկական բարձր ճնշումը առաջացնում է սրտամկանի սնուցման հետ խնդիրներ, տեսողության վատացում, նյարդային խանգարումներ։ Այսինքն՝ ժամանակի ընթացքում վնասվում են բոլոր օրգան համակարգերը»։
Նշված հիվանդության բուժման ընթացքը կախված է հիվանդության աստիճանից, ասում է մանկական սրտաբանության գծով խորհրդատուն։ Հիվանդությունը առաջանում է մեկ այլ հիվանդության պատճառով, սակայն լինում է, որ պատճառը, օրինակ, հավելյալ քաշն է․ «Օրինակ՝ ճարպակալման կամ հավելյալ քաշի դեպքում առաջանում է առաջին աստիճանի զարկերակային հիպերտեզիա, պետք է ապրելակերպի փոփոխությամբ հասնել քաշի իջեցման, հետևել սննդակարգին, աղի օգտագործումը բերել նորմայի, սննդակարգում բանջարեղենը շատացնել։ Եթե նման քայլերից հետո ճնշումը կարգավորվում է, ապա անելիք այլևս չի լինում, սակայն եթե շարունակվում է, ապա պետք է անցնել դեղորայքային բուժման»։
Վերջինս նկատում է՝ ինչքան բարձր է լինում ճնշումը, այնքան անձի մոտ բարձրանում է հավանականությունը, որ կվնասվեն նաև այլ օրգանները, իսկ եթե օրվա ընթացքում ճնշման կտրուկ բարձրացումներ են տեղի ունենում, դա ավելի վտանգավոր ընթացքի մասին է խոսում։
Մինասյանը ծնողներին խորհուրդ չի տալիս ինքնուրույն զբաղվել երեխաների ճնշման կարգավորմամբ, եթե նկատում են, որ նրանց մոտ կան այդ խնդիրները։ Կան ճնշումը իջեցնող դեղահամբեր, որոնք պետք է նշանակվեն բժշկի կամ սրտաբանի ցուցումով: Չկա որևէ դեղ, որը կարելի է խմել առանց մասնագետի նշանակման։
Առողջապահության նախարարության մասնագետը ուրախալի է համարում այն, որ այժմ հիվանդությունների հայտնաբերելիության տոկոսը բարձրացել է, որը պայմանավորված է հետազոտությունների դիմելով: Միևնույն ժամանակ նա նկատում է՝ մասնագիտական հնարավորությունների ավելացումը նույնպես նպաստում է, որ առողջական խնդիրները հնարավորինս արագ բացահայտվեն։
Մերի Խաչատրյան
