Այսօր Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանն այցելեց Սիս բնակավայր: Բնակիչների հետ կարճատև զրույցից հետո համայնքապետը ծաղիկներ խոնարհեց հանուն հայրենիքի անմահացած հերոսների հուշակոթողի մոտ, այնուհետ ծանոթացավ սուբվենցիոն ծրագրով իրականացված ասֆալտապատման աշխատանքներին:
Հավելենք, որ սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվել է բնակավայրի Մխիթար Սպարապետ փողոցը:
Սիս բնակավայրի վարչական ղեկավար Հրանտ Ալեքսանյանի, համայնքի ավագանու անդամների հետ Դ. Համբարձումյանը եղավ նաև Սիսի դպրոցում: Տեղեկանալով առկա բազմաթիվ խնդիրների մասին՝ համայնքապետը նշեց, որ համայնքապետարանը կաջակցի որոշ հարցերի լուծմանը, այդ թվում նաև կօժանդակի «Արմաթ» լաբորատորիայի բացմանը:
Համայնքապետն այցելեց նաև բնակավայրի մանկապարտեզ և մի շարք հանձնարարականներ տվեց առկա խնդիրների վերացման և կարգավորման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում բնակիչները շնորհակալություն հայտնեցին գյուղում կատարված աշխատանքների համար և հույս հայտնեցին, որ ծրագրերը շարունակական կլինեն:
Դ. Համբարձումյանը նշեց, որ գալիք տարում նույնպես պլանավորվում են լայնածավալ աշխատանքներ, և բարձր գնահատեց վարչական ղեկավարի հետևողական գործելաոճը, ինչպես նաև կարևորեց բնակիչների սրտացավ վերաբերմունքը գյուղի նկատմամբ:
