Ավարտվել է Սյունիքի մարզի Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանի կողմից իրեն վստահված խոշոր չափերով գույքը հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
«ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Տաթև համայնքի նախկին ղեկավարը, 2016 թ. փետրվարից մինչև 2021 թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, օգտագործելով ծառայողական լիազորությունները և դրանից բխող հեղինակությունը, կատարել է իրեն վստահված խոշոր չափերով գույքի հափշտակություն:
Մասնավորապես, վերջինս, առանց համայնքի ավագանու համապատասխան որոշման և սահմանված կարգով ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելու, համայնքի վարչական, ինչպես նաև՝ Քաջարան-Լեռնաձոր տարածքում Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման հոսքագծերի հենասյուներ տեղադրելու համար հողային աշխատանքներ կատարելու նպատակով 2018-2020 թթ. ընթացքում՝ շուրջ 100 օր, համայնքային սեփականություն հանդիսացող, «Տաթև համայնքի բարեկարգում և գյուղաշխատանքներ» ՀՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող էքսկավատորը տրամադրել է իրանական ՍՊ ընկերությանը՝ օրական 8 ժամ՝ 1 ժամը 15 հազարից 20 հազար ՀՀ դրամ, իսկ 2020 թ.-ին՝ 20 հազարից 25 հազար ՀՀ դրամ արժեքով: Էքսկավատորի շահագործման արդյունքում ընկերության ներկայացուցիչ, ԻԻՀ քաղաքացուց ստացած, փաստացի համայնքին պատկանող ընդհանուր 13 միլիոն 600 հազար ՀՀ դրամից 4 միլիոն 454 հազար ՀՀ դրամը համայնքի բյուջե մուտքագրելու փոխարեն համայնքի նախկին ղեկավարը հափշտակել է:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Տաթև համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել:
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասված է ՔԿ-ի հաղորդագրության մեջ:
