Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանն առաջարկեց, որպեսզի պատգամավորները ևս թմրամիջոցների ախտորոշման թեստ հանձնեն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս գաղափարը առաջացավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հեղինակած նախագծի քննարկման ժամանակ, որով առաջարկվում է, որպեսզի ոստիկանները, քննիչները, դատախազները, փրկարարները, ԱԱԾ և ՊՊԾ ծառայողները տարին երկու անգամ թմրանյութերի ախտորոշման թեստ հանձնեն։
«Եթե մենք որոշում ենք այսպիսի թեստավորում, դա պետք է ընդհանուր բնույթ կրի։ Մենք էլ՝ պատգամավորներս, որոշում կայացնողներ ենք։ Ի՞նչու չենք սկսում հենց մեզնից։ Եկեք սկսենք Ազգային ժողովից ու պահանջենք, որ բոլոր պատգամավորները թեստավորում անցնեն»,- ասաց Ղազարյանը։
Պատգամավոր Ագնեսա Խամոյանը շնորհակալություն հայտնեց Ալխաս Ղազարյանին առաջարկության համար և տեղեկացրեց, որ հաջորդ նախագծերի փաթեթը վերաբերվելու է պետական, քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց։
Գաղափարին միացավ նաև «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Այո, եթե պետք է սկսենք մեզնից, սկսենք նաև մեզնից։ Շատ հնարավոր է, որ նախագծերի փաթեթը համալրվի մի նախագծով ևս, որը վերաբերվի նաև Ազգային ժողովի պատգամավորներին, որպեսզի նաև հանրությանն էլ փոխանցենք կարևոր ուղերձ, թե ով է նրա պատգամավորը»,- ասաց Մինասյանը։
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ևս կողմ արտահայտվեց գաղափարին և նշեց, որ պետք է ընդլայնվի և հստակեցվի անձանց շրջանակը։
«Բացարձակապես առարկություն չունեմ՝ թմրանյութերի հանդեպ պետք է լինի զրո հանդուրժողականություն։ Պետք է հստակեցնել սուբյեկտների կազմը, որոնց նկատմամբ պետք է կիրառվեն նշված կանոնակարգումները»,- ընդգծեց Վարդանյանը։
Հանձնաժողովը որոշեց աշխատանքային խումբ ստեղծել նախագիծը լրամշակելու համար, ուստի այն հետաձգվեց մինչև երկու ամիս ժամկետով։
