Դա ռпւսшկան թшկարդ էր, որի մեջ մենք ընկանք երկու ոտքով

ՀՀ  Գերագույն խորհրդի եւ  Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մեխակ Գաբրիելյանին  lragrogh.com-ը  խնդրեց  հետահայաց անդրադառնալ արցախյան շարժման տարիներին. ի?նչ սխալներ ու բացթողումներ եղան, որոնք մեզ հասցրեցին ներկա հանգրվանին:

«Ես կարծում եմ, որ Արցախի ազատագրումն իր օբյեկտիվ եւ փաստացի հիմքերն ուներ, չնայած ազգային զարթոնքը Հայաստանում սկսեց  60-ական թվականներից: 60-ականների վերջերին այդ շարժումն արդեն ձեւավորվեց, երբ 1965թ. առաջին անգամ նշվեց Ցեղասպանության 50-ամյակը: Մեկուսարանում Ստեփան Զատիկյանը, Հայկազ Խաչատրյանն ու Շահեն Հարությունյանը   Ազգային միացյալ կուսակցության հիմքը դրեցին, որը հետագայում դարձավ Հայաստանի անկախության համար պայքարող կուսակցություն, նրա հարյուրավոր հետեւորդներ 70-80-ականներին Մոսկվայի հրահանգով նետվեցին բանտեր: Իսկ 80-ականներից, երբ Պարույր Հայրիկյանը վերադարձավ աքսորից, եւ 1987թ. հիմնադրվեց «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցությունը, ամեն ինչ ավելի հստակեցվեց: Խորհրդային հատուկ ծառայությունները հաշվարկել էին, որ ԽՍՀՄ-ը կործանվում է, դրա բոլոր նախադրյալները կային: Եվ նրանք փորձում էին ինչ-որ  օջախներ ստեղծելով փրկել այն: Նկատի ունեմ, որ 1987 թվականից էլ անկախության համար պայքարը սկսեց լուրջ համախոհներ ձեռք բերել: Անընդհատ  ավելանում էր  ԱԻՄ-ի անդամների  թիվը: 1988թ. Արցախի եւ բռնազավթված տարածքների խնդիրը, բնականաբար,  դարձել  էր հայ ժողովրդի, այդ  թվում`  ասպարեզ դուրս եկած քաղաքական կուսակցությունների, նաեւ` ԱԻՄ-ի  գերխնդիրը: Արցախում մեր հայրենակիցներն ավելի  ճնշված էին: Տեսեք, ռուսներն երկու հարյուր տարվա ընթացքում  առաջին անգամ Հայաստան ոտք դրեցին 1805 թվականին, իրենց առաջին զորամիավորումները հասան մինչեւ Երեւան, չկարողացան գրավել Երեւանը, բայց կողոպտեցին սբ. Էջմիածինը: Փաստացի նրանք 1813թ. Գյուլիստանի պայմանագրով Հայաստանի մի մասը բռնակցեցին Ռուսաստանին: Հետո էլ 1828-1829թթ. Արեւելյան Հայաստանի մի հատվածը  բռնակցեցին` մեզ խոստումներ տալով, որ հայկական թագավորությունը չեն վերականգնի, բայց ինքնավարություն կստանանք, որը տասը տարի հետո վերացրեցին, Երեւանի նահանգ դարձրեցին: Եվ ՌԴ-ի նկատմամբ կույր հավատ տածելով` ի՞նչ ստացանք. հայկական  տարածքների մոտ իննսուն տոկոսը հայաթափվեց, եղավ ցեղասպանություն, մնաց Արեւելյան Հայաստանի մի մասը: Իսկ վերջին հարյուրամյակում սկսվեց նաեւ Արեւելյան Հայաստանի հայաթափման գործընթացը, որի մի մասն իրականացրեցին Նախիջեւանում, իսկ Արցախում` արդեն անկախ Հայաստանի ապաշնորհ իշխանությունների պատճառով»,- պատմական էքսկուրս կատարեց մեր զրուցակիցը:

Հայաստանը փորձում է մերձենալ Արեւմուտքին եւ հրաժարվել Ռուսաստանի աջակցությունից:  ՀՀ վարչապետի եւ ՌԴ նախագահի` հոկտեմբերի 8-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել, որ 2025թ. հունվարի 1-ից  Հայաստան-Իրան եւ Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաեւ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության  Սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի  ՀՀ ԱԱԾ  Սահմանապահ զորքերի ուժերով:

Տեսակետ է հնչում, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների սառեցումը չի ներվի Հայաստանին, եւ դա սխալ քաղաքականություն է:

«Երբ մենք փաստերը անտեսում ենք, սկսում ենք նման մտորումների գիրկն ընկնել: Նախ ասեմ, որ ռուս-ուկրաինական պատերազմն ի շահ Հայաստանի է: Հարց է առաջանում` ի՞նչ կապ ունի այդ պատերազմը Հայաստանի հետ: Իրականում կապ ունի: Երբ Թադեւոս առաքյալը հաջորդ օրը պետք է մահապատժի ենթարկվեր, ամբողջ օրն աղոթում էր եւ Աստծուն խնդրում, թե ինչ է լինելու իր ազգի` հայ ժողովրդի հետ: Աստված գիշերը ուղարկեց հրեշտակին եւ ասաց` քո ազգը գալիս է սկզբից եւ հավերժական է:  Ինչո՞ւ այդքան երկար տարիներ մենք տկար ենք եղել, նկատի ունեմ` Կիլիկիայի պետությունը կորցնելուց  հետո, մի քանի հարյուրամյակ,  մենք չկարողացանք վերականգնել անկախությունը:  Հիմա մեզ համար ենթադրում եմ, որ ժամանակն իր լրումին է հասնում: Մենք վերականգնեցինք անկախությունը, Աստված մեզ տվեց Արցախը, բայց  ի՞նչ արեցինք մենք: Սկսեցինք ապրել անբարո կյանքով, իսկ Աստված դա չի ներում: Այդ անբարո կյանքի պատճառով տեղի ունեցավ Արցախի կորուստը եւ նոր  ցեղասպանություն: Եվ Հայաստանի իշխանությունն էլ  չկարողանալով կանխել պատերազմը, դարձավ նրա հանձնման ակամա աջակիցը: Սա հերթական ռուս-թուրքական դավադրությունն էր, որին մասնակից դարձավ Հայաստանի իշխանությունը: Դա ռուսական թակարդ էր, որի մեջ մենք ընկանք երկու ոտքով»,- ասաց  Մեխակ Գաբրիելյանը:

Հարցին, թե հնարավո՞ր էր պահել Արցախը, Մեխակ Գաբրիելյանն արձագանքեց. «Անցած  ժամանակահատվածը ցույց տվեց, որ մոտեցումն էր սխալ: Այսինքն` ճիշտ էին այն մարդիկ, որոնք կողմնակից էին, որ Արցախը միանա Հայաստանին: Եթե մենք հետ չկանգնեինք մեր սկզբնական դիրքորոշումից, եւ Արցախը բացի Հայաստանի մաս կազմելուց չդիմեինք այլ քայլերի, նման բան տեղի չէր ունենա: Չկա’ անհնար բան, Աստված ասում է` եթե դու մանանեխի հատիկի չափ հավատ ունենաս, ես քեզ կաջակցեմ, դու ամեն ինչ կստանաս: Փոխանակ այս երեսուն տարվա ընթացքում մենք լուրջ բանակ ստեղծեինք, տնտեսությունը զարգացնեինք, բնակչությունն ավելանար Արցախում, տեղի ունեցավ հակառակը: Հայաստանում հաստատվեց  վաշխառուական տնտեսական համակարգ, եւ որեւէ զարգացում չեղավ, միայն խաբելով ու թալանելով էին զբաղված»:

Թագուհի Հակոբյան

Կիսվել սոց․ ցանցերում