ՀՀ Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գագիկ Ներսիսյանը 2016թ. ապրիլյան պատերազմից ամիսներ անց` նոյեմբերին, որոշում է գնալ Շուշի եւ այնտեղ իր ընկերոջ` Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հովհաննես Թոքմաջյանի հետ հիմնադրել Շուշիի տեխնոլոգիական համալսարանը: Համալսարանը բացվել էր այն ժամանակ Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի հովանավորությամբ, ռեկտորը Հովհաննես Թոքմաջյանն էր: «Գնացի եւ մինչեւ 2020թ. հոկտեմբերի 20-ը մնացել եմ Շուշիում: Այնտեղ էլ հիմնադրեցինք բնագիտական տեխնոլոգիաների լաբորատորիա: Քանի որ Հովիկը ծանոթ էր իմ գործունեությանը, գիտեր, որ արդեն քառասուն տարի պրակտիկ բժշկությամբ եմ նաեւ զբաղվում, հիմնականում` բնական միջոցներով, ստեղծեց լաբորատորիա: Շատ լավ համալսարան էր, շենքային պայմանները լավն էին, ունեինք 2000 ուսանող, արցախցի էին հիմնականում, Հայաստանից հեռակա էին ուսանում: Քննություններն էի ընդունում, դասախոսներին ընտրում: Սուպերլաբորատորիա էի ստեղծել»,- հիշում է Գագիկ Ներսիսյանը: Նկատեցինք, որ ապրիլյան պատերազմն արդեն հուշում էր ավելի մեծ, լայնածավալ պատերազմի մասին, ի?նչն էր մղում, որ Արցախում մարդիկ ներդրումներ անեն, համալսարան բացեն, երբ հեռանկարը մշուշոտ էր: «Շատ լավ ներդրումներ էին անում: Լաբորատորիան հիմնելուց հետո ես սկսեցի բնական միջոցներից դեղային պրեպարատներ պատրաստել: Առաջին երկու գյուտերն արեցի 2017 թվականին, որոնք այրվածքների, վերքերի համար նախատեսված դեղեր էին: Հայաստանի բոլոր նախարարները, պաշտոնյաները գալիս-գնում էին Շուշիի իմ լաբորատորիան, ամեն ինչ ես իմ ձեռքով էի հավաքել, սարքել: Այդ ընթացքում Շուշիում 18 դիպլոմային աշխատանք ներկայացրեցին շրջանավարտները, 18 հոգի մագիստրոսական թեզեր ներկայացրեցին, բազմաթիվ գիտական հոդվածներ գրեցին: Այդ ամենը ստեղծեցինք միջազգային լիցենզավորման համար: Հոկտեմբերի 20-ի դրությամբ, երբ դեռ Շուշիում էի, 44 գյուտ էի ներկայացրել: Այսինքն` այդքան պրեպարատ էի ստեղծել: Մոտ 30 բուսական եթերայուղեր եմ պատրաստել, մոտ 50-60 բուսական կորիզայուղեր, սերմնայուղեր, որոնք թանկ արժեն: Այդ ժամանակ էր, երբ ռմբակոծում էին Շուշիի եկեղեցին, մշակույթի պալատը, ես եւ Հովհաննես Թոքմաջյանն այնտեղ էինք: Մինչեւ Հայաստան գալս ես ո’չ զինվոր եմ տեսել այնտեղ, ո’չ էլ զենք, ղարաբաղցիները ոչ մի գործողություն չէին կատարում Շուշին պահպանելու համար: Նույնիսկ մի երիտասարդ տղա կար, սպա էր, Արցախի նախագահի խորհրդականը, եկավ, հարցրեց, թե զենք ունե?նք, ասացինք` ոչ: Խոստացավ, որ զենք կբերի իմ ու Հովիկի համար, գնաց ու գնաց, էլ չեկավ: Հոկտեմբերի 20-ին եկա, նույնիսկ հագուստ չէի վերցրել, մտածում էի, որ հետ կգնամ երկու օրից: Շուշին հնարավոր չէր գրավել, ես գիտեի, որ դա անհնար է: Իսկ Շուշին հանձնվեց Ղարաբաղի գեներալիտետի պատճառով: 2021թ. մարտին ինձ է զանգահարում Արցախի Ազգային ժողովի պատգամավորներից մեկը` Հայկ Խանումյանը: Նա հաճախ էր գալիս իմ լաբորատորիա: Այնտեղ էլ կազմակերպեցինք պահածոների արտադրություն, 70 տեսակի պահածոներ կային, բայց ոչ մի բան չկարողացանք վաճառել արտադրածից, միայն Երեւանից եկողներն էին գնում, տանում»,- պատմում է Ներսիսյանը: Գագիկ Ներսիսյանը Արցախում մնացել է մինչեւ վերջ, 2023թ. սեպտեմբերի 30-ին է վերադարձել Հայաստան, երբ արդեն ոչ ոք չէր մնացել այնտեղ: Զրույցի ժամանակ հիշում է, թե ինչ ահավոր պայմաններում էին ապրում, երբ 2022թ. դեկտեմբերին սկսվեց շրջափակումը: «Յուրաքանչյուր մարդու երկու հարյուր գրամ հաց էր հասնում, բայց ես հո չէի գնա, առավոտյան, ժամը 4-ին, երկու հարյուր գրամ հացի համար հերթ կանգնի, սոված նստում էի, կողքի հարեւաններս հադրութցի էին, էլի մի բան սարքում էին, տալիս: Մի բլոկ պարսկական սիգարետը 50 հազար դրամ արժեր, այն էլ ռուսներն էին բերում, այնքան թութուն էի ծխել, որ լեզուս ուռչել էր: Մի տուփ աղը 3500 դրամ էր, ժողովուրդը խառնվել, չէր կարողանում աղ գտնել: Ասացի` գնացեք, տեսեք, որ ասֆալտին լցնում են հողը, այդ հողից որտեղ կա, բերեք մի պարկ: Բերեցին, նստել, դրանցից աղ եմ սարքել իրենց համար, փրփուրի նման սպիտակ: Բոլորն իրենց մեջ բաժանեցին: Այդպես ձգվեց մինչեւ սեպտեմբերի 30-ը: Այդ ընթացքում արել եմ 68 գյուտ, բոլորն արտոնագրված են »,- ասաց Գագիկ Ներսիսյանը: Ներսիսյանը նշում է, որ իր լաբորատորիան ջարդուխուրդ էին արել: Այն ժամանակ էլ գնացել, տեսել է, որ իսկապես ջարդել են, բայց տեղացիներն էին ջարդել, ադրբեջանցիները դեռ չէին մտել Ստեփանակերտ: «Ամսի 19-ին մի ժամի, երկու ժամի չափ հեռվից կրակեցին դիրքերի վրա, ու ժողովուրդը դատարկվեց: ԱԱԾ-ից մի գնդապետ ինձ ասաց, որ չգնամ, ասաց, որ իրենք (ադրբեջանցիները) իմ մասին ամեն ինչ գիտեն, գիտեն, որ ԳԽ պատգամավոր եմ եղել, եղել եմ Ղարաբաղում , Շուշիի պատերազմի ժամանակ եղել եմ Շուշիում: Ավտոմեքենայիս ռադիատորն էլ պայթեց սեպտեմբերի 25-ի պայթյունի ժամանակ: Սեպտեմբերի 30-ին եմ հասել տուն»,- մեկ տարի անց հիշում է մեր զրուցակիցը: Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահներին, ՌԴ-ի քաղաքականությանը, ապա Գագիկ Ներսիսյանը հենց սկզբից էլ չի հավատացել, որ նրանք կմնան Ղարաբաղում։ <Ես գիտեի, որ ռուսները մեզ չեն պահելու։ Առաջին վայրկյանից, երբ ռուսները ոտք դրեցին, ես դեմ եմ խոսել, դրա համար էլ շատերի աչքի փուշն էի», — ասում է ԳԽ նախկին պատգամավորը, որը, չնայած դրան, շարունակել է իր գործունեությունը մինչեւ Արցախի հայաթափվելը։ Թագուհի Հակոբյան
Մինչեւ Հայաստան գալս ես ո’չ զինվпր եմ տեսել այնտեղ, ո’չ էլ զե նք, ղшրաբաղցիները ոչ մի գործողություն չէին կատարում Շпւշին պահպանելու համար
