Հոկտեմբերի 13-ից 21-ը կայացել են Princess of the Globe Universe 2024 (Տիեզերքի արքայադուստր) եւ Photomodel of the Universe 2024 (Տիեզերքի ֆոտոմոդել) մրցույթները, որտեղ Հայաստանից որպես ժյուրիի անդամ ներկայացել է Black Coal-ի հիմնադիր, սննդաբան Լիլիթ Բասյանը: Լիլիթը մեկնել է հատուկ հրավերով, որը ստացել է որպես Հայաստանի լավագույն սննդաբան:
10 տարի ոլորտում, հսկայական փորձ, նրբանկատ ու բարեխիղճ մոտեցում աշխատանքին՝ այս հատկանիշներն են Լիլիթի խոսքով՝ կարիերայում հաջողության գրավականը: Համաշխարհային մակարդակի մրցույթում որպես ժյուրիի անդամ ներկայանալը նա համարում է եւս մեկ ձեռքբերում եւ գնահատական իր աշխատանքի հանդեպ:

«Սա իմ կարիերայի համար եւս մեկ հաղթանակ էր, քանի որ ինձ պատիվ էր ընձեռվել մասնակցելու նման մասշտաբի մրցույթի եւ ընտրություն կատարել մասնակիցների մեջ: 10 օրերի ընթացքում նրանց դասախոսություններ էի կարդում, նրանց համար սննդակարգ կազմում: Յուրաքանչյուրի համար իր սննդակարգն եմ սահմանել: Սա եւս մեկ ապացույց է, որ 10 տարիների աշխատանքն ու ջանքերը տալիս են իրենց ցանկալի պտուղները»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Լիլիթ Բասյանը:
Լիլիթն առաջին անգամ էր հադես գալիս ժյուրիի կազմում: Նա ասում է՝ բարդ էր աղջիկներին որոշակի չափանիշներով գնահատելը, բայց դա որքան պատասխանատու, նույնքան էլ հետաքրքիր գործընթաց էր:
Լիլիթի կարծիքով՝ ցանկացած ձեռքբերում ոգեշնչում է նոր նպատակների սահմանման ու իրականացման համար, իսկ ամենամեծ գնահատականը հաճախորդների գոհունակությունն է ու բարձր տրամադրությունը ցանկալի արդյունքին հասնելուց հետո:
Ինչ վերաբերում է մրցույթներին՝ դրանց մասնակցել են գեղեցկուհիներ աշխարհի տարբեր ծայրերից. Հայաստանի ներկայացուցիչ Դիանա Լեփեջյանը հաղթել է Տիեզերքի Ֆոտոմոդել մրցույթում:
Սյունե Առաքելյան
