Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դատախազությանը կոչ է արել հետաքննություն սկսել ընտրակեղծիքների վերաբերյալ հայտարարությունների կապակցությամբ։ ԿԸՀ-ն հայտարարել է, որ պատրաստ են համագործակցել հետաքննության հետ և տրամադրել հետաքննության համար անհրաժեշտ տեղեկատվություն, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։
«Խորհրդարանական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դարձել է հատուկ հարձակումների և անհիմն քննադատության օբյեկտ… Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ինչպես նաև ընտրություններին մասնակցած որոշ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ անհիմն հարձակումներ են գործում ԿԸՀ-ի վրա և անհիմն մեղադրանքներով փորձում են վնաս հասցնել գերատեսչության հեղինակությանը»,- ասված է հայտարարության մեջ։
Միաժամանակ նշվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ընտրությունների կազմակերպման դրական գնահատականները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նաև նշում է, որ էլեկտրոնային քվեարկության համակարգի աուդիտն իրականացրել է ամերիկյան ընկերություն, որը չի հայտնաբերել ոչ մի թերություն։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է, որ հարձակումների լայնածավալ արշավի գնահատականը դուրս է հանձնաժողովի իրավասություններից, ուստի անհրաժեշտ է իրականացնել բարդ և օբյեկտիվ քննություն, ինչի կապակցությամբ խնդրում է դատախազությանը ներգրավվել։
