Հայաստանը չպետք է ենթարկվի մեր թշնшմիների կոալիցիայի՝ Ադրբեջшնի, ՌԴ-ի եւ Թпւրքիայի շանտաժին

Արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը մինչեւ 2023թ. Արցախի ժողովրդի բռնի տեղահանությունը զբաղվում էր մարդու իրավունքների հարցերով,  «Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգողն էր, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր։

Lragrogh.com-ը Կարեն Օհանջանյանից հետաքրքրվեց, թե Հայաստանո՞ւմ էլ է գործում իրավապաշտպան կազմակերպությունը  վերջին մեկ տարվա ընթացքում։

«Մեր կազմակերպությունը Հայաստանում չի գործում, բայց ես օգտագործում եմ իմ բոլոր միջազգային կապերը, լոբբինգ անում, որպեսզի կարողանանք ապահովել մեր ժողովրդի վերադարձը հայրենիք եւ ռազմագերիների ազատ արձակումը։ Մեր ժողովուրդը  ենթարկվել է ցեղասպանությանը համարժեք հանցագործության, իսկ Ղարաբաղն Ալիեւի կողմից հայտնվել է անմարդկային գերության մեջ։ Նման հարցեր արծարծելու համար միայնակ աշխատելը դժվար է, բայց ես օգտագործում եմ իմ միջազգային բոլոր կապերը՝ որպես հայտնի իրավապաշտպան։ Իրավիճակն աստիճանաբար փոխվում է, ես կցանկանայի, որ այս դրական փոփոխությունները լինեն համակարգային եւ ավելի արագ տեմպերով։ Դրա համար շատ կարեւոր է, որ հայկական քաղաքական վերնախավը բարձրաձայն հայտարարի, որ խաղաղության պայմանագիր չի կնքի նացիստական Ադրբեջանի հետ այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը, հետեւելով միջազգային իրավունքի նորմերին, չի ստեղծել  բոլոր  պայմանները Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձի համար։ Պետք է միջազգային միջկառավարական կառույցների հսկողության ներքո նրանց համար արժանապատիվ պայմաններ ստեղծվեին, իսկ բոլոր ռազմագերիները եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ազատ արձակվեին։ Հայաստանի իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության նման պահվածքը որակապես կփոխեր իրավիճակը։ Հայաստանը չպետք է ենթարկվի մեր թշնամիների կոալիցիայի՝ Ադրբեջանի, ՌԴ-ի եւ Թուրքիայի շանտաժին…Ակնհայտ է մեկ բան՝ արցախցիների հայրենիք վերադարձի եւ Բաքվում բանտարկված բոլոր հայերի ազատ արձակման հարցը տեղափոխվել է միջազգային օրակարգ։ Կարեւոր չէ, որ շատ արեւմտյան քաղաքական գործիչներ այս թեման օգտագործում են իրենց նեղ քաղաքական եւ այսրոպեական շահերի համար։ Այս փաստերին ուշադրություն դարձնելն արդեն իսկ այդ սուր եւ կենսական կարեւոր խնդիրները լճացման  վիճակից  դինամիկ վիճակի տեղափոխել է նշանակում»,- մեզ հետ զրույցում նշեց Կարեն Օհանջանյանը։

Կիսվել սոց․ ցանցերում