Այսօր մամուլում տեղ է գտել մի տեղեկություն, ըստ որի՝ Ազգային ժողովի կարիքների, պաշտոնական պատվիրակությունների ընդունելության, հյուրասիրության, ծառայությունների ձեռք բերման համար կնքվել են մի քանի պայմանագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է գրեթե 9 մլն դրամ։
«Պայմանագրերը կնքվել են Ազգային ժողովի և «ԷՄ ԲԻ ՋԻ ԳՐՈՒՊ», «Դը Փաբլիք», «Բլիզարդ», «Պաուլաներ» և «ՍԻՄՓԼ ԴԻԼ» ՍՊԸ-ների միջև։
Պայմանագրում առկա են ուշագրավ գնումներ. օրինակ՝ 20 գրամ սև ձկնկիթը՝ վերնագրված «պետության կարիքների համար»»,- նշված է հրապարակման մեջ: Հրապարակման մեջ նաև հետաքրքրվում են, թե որ պատվիրակության համար է օգտագործվել սև ձկնկիթը։
Այս առնչությամբ Civic.am-ը մեկնաբանություն խնդրեց ԱԺ Հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանից։
«ԱԺ-ն երբ ընկերության հետ կնքում է պայմանագիր, այդ պայմանագիրը կնքվում է տվյալ ընկերության ամբողջ մենյուի համար։ Այսինքն՝ ամբողջ տեսականին, ինչն առկա է նրանց մոտ, այդ տեսականու համար կնքվում է պայմանագիր։ Բայց կոնկրետ սև խավիար ոչ մի պատվիրակության հյուրասիրության ժամանակ չի օգտագործվել»։
Նա նշեց, որ չեն կարող մենյուի միջից որոշակի ուտելիքներ հանել։
Լիլիթ Թադևոսյան
