Ավտովթար Երևանոմ. Nissan-ը բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել. 2-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Nissan մակնիշի ավտոմեքենան Փիրումյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորը, ով 2-ամյա աղջնակ է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արծրուն Ռտոյանն ու Արամ Ենոքյանը:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով վարորդը կին է եղել, վիրավորն էլ նրա երեխան է:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2023/09/05/1245676

Կիսվել սոց․ ցանցերում