101 մետրանոց ցցված քրիստոնեական հավատ

Եթե աշխարհում կա մի երկիր, որտեղ Աստծո հանդեպ ունեցած հավատքը չափվում է մետրերով, դա Հայաստանն է:  Գագիկ Ծառուկյանն այդ մասին հայտարարեց Աբովյանում` 2024 թվի հոկտեմբերի 5-ին, այնպիսի եզրույթներով, որոնց ապացույցը  թվերն են։  Քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգի համար Հիսուս Քրիստոսի արձանը ցից կանգնած է` 101 մետր բարձրությամբ։ Այն օլիգարխի հովանավորությամբ,  որն ասես  երկնքից ընկած երեք խնձոր է տալիս  մի ձեռքով, իսկ մյուսով իր համար  միլիոններ է  կուտակում.  այս առումով բառերը միայն քմծիծաղ կարող են առաջացնել։ Այսպիսի հեղհեղուկ  խառնվածքով, որում  ձուլվում են քանակն ու որակը, նյութականն ու հոգևորը, բիզնեսն ու ազգայինը, հայերը գերազանցում են բոլորին։ Նրանք մոռանում են, որ 101 մետրանոց քար ու ցեմենտը մարդուն էժան գնով մեղքերի թողություն չեն տալիս ու չեն դարձնում նրան շինարար եւ հոգևորական։ Եթե այդ 101 մետրը բավարար չէ  Ավետարանների արժանապատիվ խոսքերն արտահայտելու համար, նշանակում է, որ  մոլորության մեջ է ընկնում բանականությունը : Ճիշտ է, Աբսուրդիստանում ժանրերի խառնուրդը համարվում է արվեստ։ Մի օլիգարխ, որը  թրծվել է բռնցքամարտի մրցույթում, չի վարանի հավատափոխ լինել`  դառնալով եկեղեցապատկան։ Նույն հիմունքով, այս ոսկե հագուստով մարդը ընդունակ է թաքցնել շվեցարական բանկում 1,1 դոլար գումար` չկարողանալով պահել դրանք պարեգոտու տակ։ Պատճառն այն է, որ նա նույնպես  իր քահանայական պաշտոնը դրանից ստացած օգուտներով է չափում: Նա ոտքերը լվանալու ծիսական արարողություն է անում և չի  մտածում   փողը տրամադրել իր  կրոնափոխ եղած հավատարիմներին`  աղքատությունից ազատվելու համար: Եկեղեցու մարդը կարող է գործարար լինել,  ինչպես նաև` քաղաքական գործիչ։  Մի՞թե չենք տեսել, թե ինչպես է եպիսկոպոսը անխուսափելիորեն մարտահրավեր նետել վարչապետին։ Դա պայմանավորված է նրանով, որ Աբսուրդիստանում ամեն ինչի չափանիշը խելացնորությունն է : Ականատեսը  միայն կարող է ծիծաղել նման երևույթի վրա։ Ողբերգության մեջ գտնվող  Հայաստանից ավելի լավ երկիր չկա, որի վրա մի լավ ծիծաղես : Պետք չէ ավելի հեռու գնալ։ Այնպես,  ինչպես մեր եպիսկոպոսը, որ Աստծո շնորհիվ հավատափոխ եղավ՝ քաղաքականության մեջ  մտնելով,  նույն ձևով ոմն գեներալ հավատափոխ եղավ` ստանձնելով կենդանաբանական այգու պահակի պաշտոնը և կերակրեց իր գազաններին իր զինվորների կերակրաբաժիններով։ Այնպես, ինչպես մեր օլիգարխն է սնում հայրենակիցների քրիստոնեական հավատքը 101 մետրանոց արձանի վերածած Քրիստոսով։ Արդյո՞ք ժամանակի ընթացքում ( երկարաժամկետ հեռանկարում) միայն թվերն ի վիճակի կլինեն որոշելու հայի հանճարը: Որքան ավելի երկար է, այնքան ավելի հին է, այնքան ավելի օրիգինալ է  և այնքան ավելի լավ է չափում ձեր գերազանցությունը: Աշխարհի ամենաերկար ճոպանուղին,  ամենահին քրիստոնյա ազգը,  «Քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը».  միանգամից մոռանում ենք, որ ճոպանուղին շվեյցարացիներն ու իտալացիներն են կառուցել։ Այն փաստը, որ ամենահին քրիստոնյա ազգը հայտնվել է  համապարփակ կոռուպցիայի մեջ եւ չի իրականացնում  սոցիալական քաղաքականություն՝ ի շահ առավել զրկվածների, անտեսվում է: Չի հիշատակվում, որ «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը» նախ և առաջ ցեղասպանություն էր և, իհարկե, ոչ առաջինը։ Նույն կերպ  գիլյոտինով գլուխը կտրելու դժբախտությանն արժանացած անմեղ մարդն իրավունք կունենար պարծենալու, որ առաջինն է նման անարդարության ենթարկվել։ Արդեն ասվեց, որ հայ եկեղեցին լոկ դատարկ խեցի է։ Հայերը հին քրիստոնյա ժողովուրդ են, իներցիայով հարված ստացած ,  որին միայն ժամանակ է պետք` վերականգնվելու համար: Ժամանակի տառապանքին սիրալիր արձագանք տալու հանդգնության կամ հնարավորության բացակայություն: Քանզի  հնությունը բավարար չէ  հավատը կենդանի և կենսունակ դարձնելու համար: Երբ ավանդույթները գերազանցում են բովանդակությանը, մենք ձեռք ենք բերում Ծառուկյան և Գարեգին Բ.:  Սա ցույց է տալիս, թե ամենահին քրիստոնյա ազգի մոտ  ինչպես են բովանդակությունը, քանակը, թվերը  ցցված կանգնել`  որպես արձան : Կարծես դա վերաբերում է  այնպիսի քրիստոնեական հավատքի, որն օլիգարխների ի հայտ գալուց հետո  վատթար  պայմանների մեջ հնացել է՝ վերածվելով  քացախի,  որը պահանջում է սիրել իր հաջորդին  հենց իր  համար : Այս օլիգարխները միայն խրախուսել են հայ հասարակությանը` օրինակ վերցնել հայերի նկատմամբ ունեցած իրենց արհամարհանքից։ Կոռուպցիան, հովանավորչությունը «ախպերությունն» ոչ այլ ինչ են , եթե ոչ` նոր հավատք։ Դաժան մի հավատք` գողական կյանքում: Դատարկ խեցի՞ է հայ եկեղեցին : Ավերակի ենթարկված կամ վերականգնված կրոնական հուշարձաններ դեռ կարելի է այցելել։ Ասես զբոսաշրջությունը վերահաստատում է  նրանց մահը։  Այստեղ նույնպես հայերը դատապարտված են հիանալու եղածով`  չգտնելով այլ  բովանդակություն, քան դատարկությունը։  Հայաստանն ունեցել է իր Աթոս լեռները,  և դրանցից մնացել են միայն քար ու ավազներ։ Խեցու`  դատարկ լինելու ապացույցն այն է, որ այդ եկեղեցին, գտնվելով սովետական աթեիզմի ուժեղ ճնշման տակ, ի վիճակի չի եղել ի հայտ բերել թեկուզ մեկ վանական, Աստծո համար խենթացող մեկ մարդ, աղոթող մեկ անձնավորություն։ Ոչ էլ այնպիսի մի միաբանություն, որ հոգով ու մարմնով տրվեր բարեգործությանը։ Նա  տվել է եպիսկոպոսների, որոնք վարակվել են քաղաքականությամբ, մի կաթողիկոսի,  որը վարակվել է փողով, չխոսելով անգամ այն հոգևորականների մասին, որոնք զուրկ են եղել կարեկցանքից, դրա փոխարեն զարդարվել են իրենց շահախարդախ և ազգայնական շոշափուկներով։ Քրիստոնյա ա՞զգ, հայե՞րը։ Կարծես մեկ օրվա ընթացքում  նրանք «ազատագրել են» իրենց մտածելակերպը։ Կարող ենք մտածել, արդյո՞ք, որ  նորաստեղծ կրոնները, որոնք հաստատվում են հներին փոխարինելու համար, օժտված չեն  եթե ոչ  հեթանոսական ավանդույթներն ամորձատելու, այլ դրանք արտաքնապես վերափոխելու, գոնե սկզբնական շրջանում որպես արվեստի վերափոխելու հատկությամբ, որպեսզի խորտակեն դրանց։ Այո, այդպես է, հայի հոգու խորքում հեթանոսական մնացուկներ կան։ Դրանք նկատելի չեն կույր ու խուլ հայ  ազգամոլների կողմից,  այլ հորդում են որոշ գործողությունների դեպքում:  Սյունիքում`  Սիսիանում,  հանդիպում ենք քարաքանդակ առնանդամների, որոնք նվիրված են պտղաբերությանը։ Ազգագրագետ Ստեփան Լիսիցյանի`  Զանգեզուրի վերաբերյալ ուսումնասիրություններում նշվում է,  թե  որքանով քրիստոնեությունը որևէ ազդեցություն չի գործել որոշ սովորույթների վրա։ Որպես օրինակ` ներկայացնենք տարին մեկ անգամ Խուստուփի լեռը ուխտագնացության մեկնողներին, դեռ երեկ Վարդավառի առիթով համախմբված բոլոր կրոններին պատկանող մարդկանց՝ ոչխարների զանգվածային մորթ կատարելիս։ Էլ չխոսենք այն ստերջ կանանց մասին, որոնք իրենց փորը քսում էին պորտաքար անվանումով ժայռաքարին (այն մինչև այսօր հանդիպում ենք Սիսիանում)։ Նման առիթով նույն Լիսիցյանը մտածու՞մ էր , թե  Տաթևի և Որոտնավանքի շարժական սյուները որևէ առնչություն ունեցե՞լ են քարակերտ առնանդամների հետ, որոնք միևնույն մոգական ազդեցությունը  կթողնեին։ Տաթևի ցանցահյուս խաչքարը, որը զարդարում է սյունը,  համալիրի ներդաշնակության վրա նման ազդեցություն չի գործում։ Լիսիցյանը ճշգրտում է, որ գոնե «խաչքարն ինքնին առնանդամային խորհրդանիշ  չի ներկայացնում»։ Մի խոսքով, թվում է, թե այսօրվա հայերը, չնայած շատ վաղ ընդունած իրենց քրիստոնեությանը, չեն  հրաժարվում  մոգական հեթանոսության այս ձևից, որը տալիս է նրանց երկրի հետ կապված լինելու զգացողությունը։ Վերջապես, որքան որ այն հին է, հայերի քրիստոնեացումը այսօր չի տվել ոչ մի խոշոր  գործիչ,  ոչ մի  ազգապահպան անձնավորություն, ոչ մի հոգևոր առաջնորդ, որը  վեր կանգնի  կուսակցական ոգուց, պառակտումներից, հակասություններից, որոնք նպաստում  են հայկական քաոսի տարածմանը: Ոչ ոք աչքի չի ընկնում իր անձի շուրջ համախմբվածության հասնելով` ո’չ Ծառուկյանը՝ մեր քաղաքական գործիչների մեջ, ո’ չ էլ որևէ Գարեգին՝ մեր հոգևորականների մեջ : Այս բացը մեր կորստի և հոգևոր  խառնաշփոթի ախտանիշն է ցույց տալիս : Իսկապես, ամենահին քրիստոնյա ազգը կորցրել է քրիստոնյա լինեելու  հանճարեղությունը։

Դընի Դոնիկյան

Կիսվել սոց․ ցանցերում