Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Քաղաքացիները՝ տրանսպորտի մասին

Երևանցիներն արդեն մեկ ամսից ավելի բողոքում են հասարակական տրանսպորտի հետ կապված «նորություններից»՝ տոմսի համար վճարել QR code-երով, միայն 100 դրամանոցներով, արդեն նաև բանկային քարտերով։

Ուղևորների դժգոհությունը դեռ չմարած, այսօր արդեն ավտոբուսների վարորդներն են գործադուլ անում և դուրս չեն եկել երթուղիներ։ Նրանց  բողոքի պատճառն այլ է՝ աշխատանքային պայմաններ ու աշխատավարձային քաղաքականություն։

«Շատ ճիշտ են անում, որ բողոքում են»,- Panorama.am-ի հարցման ժամանակ ասաց քաղաքացիներից մեկը։ Մյուսն էլ այն կարծիքի է, որ մարդիկ չեն կարողանում ապրել այն աշխատավարձով, որ ստանում են, այդ իսկ պատճառով էլ բողոքում են։

«Շատ նյարդային է վարորդների աշխատանքը։ Ամեն ուղևոր մի ձև է արտահայտվում, տարբեր բաներ են խոսում վարորդների մասին։ Ոնց որ վարորդն է մեղավոր, որ թանկանալու է տոմսը կամ 100 դրամներ են պահանջում։

Շատ դժգոհ ենք կառավարությունից, ոչ վարորդներից։ Վարորդներն իրենց գործն անում են»,- նշեց քաղաքացին։

«Ժողովրդի մասին չեն մտածում։ Ժողովուրդը լրիվ անտեսված է՝ թե մեծերը, թե երիտասարդները, ողջ Հայաստանն է անտեսված։ Պետք է մտածել ժողովրդի մասին, ոչ թե իրենց գրպանի»,- ասաց քաղաքացին։

«Ի շահ, ի օգուտ իշխանությունների է արվում ամեն ինչ»,- համոզված է քաղաքացին։

Քաղաքացիները նշեցին, որ արդեն խուսափում են տրանսպորտից օգտվելուց, քանի որ բավականին դժվարացել է այս փոփոխություններից հետո օգտվելը։ Իսկ եթե թանկանա, ընդհանրապես կխուսափեն տրանսպորտ նստելոց։

«Եթե 100 դրամանոց չես կարողանում ճարել, պետք է չնստես ավտոբուս։ Դա ինչի՞ է նման»,- ասաց քաղաքացին։

«Եթե թանկանա, էլ տրանսպորտ չենք նստի»,- նշեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասն՝ տեսանյութում։

Կիսվել սոց․ ցանցերում