«Աշխատավարձը քիչ է, զուգարան չկա». ովքեր են փորձում Երևանը թողնել առանց տրանսպորտի. տեսանյութ

Ջրվեժի ավտոբուսային պարկում առավոտը սովորականի նման չի սկսվել. վարորդները գնացել են աշխատանքի, բայց նրանց մի մասը որոշել է գործադուլ անել: Դժգոհ են աշխատավարձից, դա էլ քիչ է՝ զուգարան չունեն:

Առիթը կա. ընդդիմադիր ավագանու անդամներ, պատգամավորներ, ակտիվիստներ շտապել են ավտոբուսային պարկ վարորդների «քայլը ողջունելու», ձեռքի հետ էլ Երևանում նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին հայտարարելու:

Տեղում է եղել նաև քաղաքային իշխանության մաս կազմող ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը:

Ավտոպարկում իրավիճակը լարվել է. ընդդիմադիր ակտիվիստ Արթուր Չախոյանը պնդել է, թե քաղաքապետարանը իր տված խոստումները չի կատարում: Նրա այս պնդմանը «Հանրապետություն» խմբակցության ղեկավարն է արձագանքել, սկսվել է վիճաբանություն:

Երևանի քաղաքապետարանը հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացնել Գլխավոր դատախազություն. հարցի առնչությամբ քաղաքապետարանում հրավիրած ասուլիսի ժամանակ ասել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Նրա խոսքով՝ ավտոբուսի վարորդների երթուղի դուրս չգալը և դրանում նրանց ներգրավելը նախապես համաձայնության տարրեր է պարունակում։

Սուրեն Գրիգորյանը վարորդների հայտարարած գործադուլը շանտաժ է որակել՝ շեշտելով, որ եթե ինչ-որ մեկը անգամ ատրճանակը դնի քաղաքային ղեկավարության գլխին ու ասի՝ հենց հիմա աշխատավարձ պետք է բարձրացնեն, ասելու են՝ կրակիր։

Թե քանի վարորդ է ազատվել աշխատանքից, հստակ չէ:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի ռեպորտաժում:

 

Կիսվել սոց․ ցանցերում