Առնվազն ինը մարդ վիրավորվել է երեկ երեկոյան Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ։ Այս մասին ասվում է Վրաստանի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ տուժածները ստացել են կրծքավանդակի և վերին վերջույթների վնասվածքներ։ Նրանցից ոմանց մոտ ախտորոշվել են նաև վերին վերջույթների կոտրվածքներ, մակերեսային վնասվածքներ և թունավորում։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երկու հիվանդ դեռևս գտնվում է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ։
Գիշերը Ռուսթավելի պողոտայում հերթական հակակառավարական ցույցն է տեղի ունեցել։
Ըստ ՆԳՆ-ի՝ բողոքի ակցիան երկար ժամանակ խաղաղ է եղել, սակայն ինչ-որ պահի ցուցարարները կրկին սկսել են ոստիկանների դեմ պիրոտեխնիկա կիրառել, որից հետո որոշում է կայացվել ամբոխին հեռացնել խորհրդարանի շենքից։ Արդյունքում՝ 48 մարդ ենթարկվել է վարչական կալանքի։
