«Գեղարվեստական ֆիլմ նկարելու միտք ունենք». Հովհաննես Դավթյանը՝ ֆիլմերում չնկարահանվելու պատճառի, 40-ամյակը չնշելու և «40. հոբելյանական stand up»-ի մասին

Հովհաննես Դավթյանն այս շրջանում պատրատվում է իր նոր stand up-ին. այն իր համար հատուկ նշանակություն ունի, քանի որ դերասանի 40-ամյակի առիթով է:

Նախքան «40. հոբելյանական stand up»-ի պրեմիերան, որ տեղի կունենա հունվարի 11-ին և 12-ին, Tert.am Life-ը զրուցել է Հովհաննես Դավթյանի հետ:

-Հովհաննես, ինչո՞ւ նոր stand up-ը չեք ներկայացնում հենց Ձեր ծննդյան օրը (հունվարի 9-ին), սնահավա՞տ եք:

-Նոր stand up-ը հատուկ ծննդյանս օրը չեմ ներկայացնելու, քանի որ կարծիք կա, որ 40-ամյակը չեն նշում և շնորհավորում: Սնահավատ չեմ, բայց ամեն դեպքում փորձում եմ խուսափել այդ օրն առանձնահատուկ նշելուց:

Ինչ վերաբերում է այս stand up-ին, ապա փորձել եմ անդրադառնալ տարբեր կյանքի փուլերին: Ի տարբերություն մյուս ներկայացումների՝ այս մեկն ավելի ինքնակենսագրական է, բայց հուսամ՝ մարդիկ կհասկանան, որ իմ մեծարման երեկոն չէ:

Խոստանում եմ, որ անակնկալներ կլինեն, այդ թվում՝ արխիվային տեսանյութեր: Ինչպես միշտ՝ շատ կշփվեմ հանդիսատեսիս հետ:

-Վերջերս ներկայացրել էիք «Retro stand up»-ը, սակայն այն այլևս չենք կարող դիտել: Ինչի՞ մասին էր տվյալ ներկայացումը:  

-«Retro stand up»-ը Երևանում միայն այս տարի չեմ ներկայացնի, քանի որ արդեն շատ եմ խաղացել: 10 ներկայացում եմ ունեցել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, այսինքն՝ 8000 հանդիսատես Երևանում ներկայացումը դիտել է:

Ուրախությամբ կարող եմ նշել, որ 6 sold out ենք ունեցել Միացյալ Նահանգներում: Շուտով կմեկնեմ եվրոպական երկրներ՝ Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա: ՌԴ մեկնելու նպատակ ևս կա (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ):

Ի դեպ, հենց այս ամիս «Retro stand up»-ը կներկայացնեմ Գյումրիում, Վանաձորում: Երևանի տարվա պլանը կատարել ենք:

Իսկապես ստացված ներկայացում է, հանդիսատեսը շատ է ծիծաղում և նոստալգիա ապրում: Հիշում ենք մեր կյանքը, այն ամենը, ինչի միջով անցել ենք: Գուցե դա էր պատճառը, որ ավելի շատ սիրո և հավանության արժանացավ հանդիսատեսի կողմից, քան մյուս ներկայացումները:

Կարծում եմ, որ այն դեռ կխաղամ: Շատ նամակներ եմ ստանում, որոնցում խնդրում են կրկնել:

Հիմա շատ բուռն աշխատում ենք նոր ներկայացման վրա:

-Իսկ այս արագությունը չի վնասի՞ որակին: Ներկայացումները շատ արագ են հաջորդում միմյանց:

— Նման մտավախություն չկա: Մենք ստեղծագործական թիմով երկար քննարկում ենք, որպեսզի հանդիսատեսի համար կարողանանք հետաքրքիր մնալ: Եթե ստացվում է ռիթմը պահել, միաժամանակ չվնասել որակին, ապա դա անում ենք: Երբ հասկանանք, որ արագությունը կամ ներկայացումների քանակը խանգարում է որակին, հաստատ չենք շարունակի:

Դա նույնպես շատ բնական է, նման օր հաստատ գալու է, բայց այս պահին պատկերը մեզ շատ գոհացնում է:

 — Վերջերս մեկնել էիք ԱՄՆ, «Retro stand up»-ն ադապտացվե՞լ էր այնտեղ բնակվող մեր հայրենակիցների համար, թե՞ նման կարիք չկար:

-Միացյալ Նահանգներում ոչ մի բան չէր ադապտացվել, որովհետև իմ հանդիսատեսը վերջին 10, 15, գուցե, 20 տարիներ առաջ մեկնած հայերն են, ովքեր մեր հումորը հասկանալու խնդիր չունեն:

Նրանք գիտեն՝ ուր են գալիս, կարծում եմ, որ ծանոթ են իմ ձեռագրին, ստեղծած ժանրին ու արվեստին: Գալիս են և գիտեն, թե ինչ են դիտելու, բարեբախտաբար չեն զղջում, շատ գոհ հեռանում են դահլիճից: Սցենարում նույնիսկ մեկ բառ չեմ փոխել:

— Հովհաննես, Ձեզ միայն այս ժանրո՞ւմ եք պատկերացնում:

-Ոչ, միայն այս ժանրում ինձ չեմ պատկերացնում: Ես միայն stand up-ի համար չեմ, ես դերասան եմ, ով ունի մասնագիտական կրթություն, ով սովորել է լեգենդար վարպետի՝ Վահե Շահվերդյանի կուրսում, 14-15 տարի աշխատել է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, կերտել է տարբեր դերեր, գիտի՝ ինչ է թատրոնը, ետնաբեմը, թատրոնին վերաբերող ամեն մի մանրուք: Թատրոնն իմ տունն եմ համարում, կարող եմ յուրաքանչյուր ժանրում ներկայանալ, թատրոնում կերտել դերեր:

Ունեմ անցած ուղի և մասնագիտական ունակություններ, պարզապես դեռ մանկուց այս ժանրը, առհասարակ, մարդկանց ծիծաղ պարգևելն ինձ շատ հոգեհարազատ է եղել՝ սկսած դպրոցական, ուսանողական տարիներից:

Տարբեր աշխատավայրերում մարդկանց ծիծաղեցնողը հենց ես էի: Քանի որ դա ինձ դուր է գալիս, ընտրությունս էլ դրա վրա կանգ առավ: Հնարավոր է, որ ժամանակի ընթացքում այլ ձևաչափերով էլ հանդես գամ, բայց հիմա սա եմ ընտրել: Կարծում եմ, որ ստեղծագործելը և այս ժանրում ելույթ ունենալն ինձ մոտ վատ չի ստացվում: Պետք է շարունակեմ, քանի որ այս պահին ամեն բան այդ մասով լավ է, իհարկե, պետք է աշխատել և կատարելագործվել, որպեսզի կարողանանք միշտ ուրախացնել մեր ժողովրդին:

Որքան դա կտևի՝ 5, 10, 20 տարի, չեմ կարող ասել: Չձանձրացնելու համար պետք է շատ աշխատել, որպեսզի միշտ աճ գրանցենք: Թիմով միշտ փորձում ենք նորություններով հանդես գալ, որպեսզի անդադար նույնը չկրկնենք, արդյունքում էլ՝ և՛ հանդիսատեսն է գոհ մնում, և՛ մենք:

-Հնարավո՞ր է մեկ օր ֆիլմ նկարահանեք կամ պարզապես նկարահանվեք որևէ նախագծում:

-Նման միտք ունենք: Ես և իմ թիմը՝ «HD production»-ը, ունենք մի քանի մեծ ծրագրեր: Փորձում ենք արդիական լինել և իրականացնել այն, ինչ այսօր թրենդային է սոցիալական հարթակներում, բայց գեղարվեստական ֆիլմ նկարահանելու տեսլական ունենք: Առաջիկա տարիներին դա կիրականացնենք: Գաղտնիք բացեմ. հենց այդ պատճառով է, որ վերջին տարիներին գեղարվեսատական ֆիլմերում նկարահանվելու բոլոր առաջարկները մերժում եմ: Եղել են նաև շատ լավ առաջարկներ՝ հեղինակություն ունեցող մարդկանց կողմից, վստահ էի, որ ամեն բան շատ պրոֆեսիոնալ էր լինելու, բայց մերժման պատճառը որակի կասկածը չէր, պարզապես ցանկանում եմ այդ ժանրում շատ չհոգնեցնել, էկրաններին չլինել, որպեսզի այդ ամենն արդեն մատուցեմ իմ գեղարվեստական ֆիլմում, որը, իհարկե, կլինի կատակերգական ժանրում:

-Չե՞ք կարոտում նկարահանումները:

-Շատ տարբեր նախագծերում եմ նկարահանվել, լավ տարիներ էին, ջերմացնող հիշողություններ կան: Կարոտում եմ թիմին, ընկերներիս: Շատ լավ հիշողություններ ունեմ, թեպետ նկարահանումների պակաս չունեմ, այդ առումով տեսախցիկի հետ միշտ եմ աշխատում, դադարներ չեմ ունենում:

Կիսվել սոց․ ցանցերում