«Հայկական ավիաուղիներ» ընկերության կողմից դեպի ՌԴ քաղաքներ թռիչքների չեղարկման մասին Panorama.am-ն արդեն գրել է։ Պարզվում է, ընկերությանը պատկանող օդանավը պարտադիր տեխսպասարկումից դեռ չի վերադարձել Երևան։
«Դեռևս սեպտեմբերին մենք հայտարարել ենք, որ հոկտեմբերին օդանավը մեկնում է տեխնիկական սպասարկման։ Աշխարհի բոլոր ավիաընկերությունների բոլոր օդանավերը երկու տարին մեկ անցնում են նման զննում, նույնիսկ եթե օդանավը, ինչպես մեր դեպքում է, որևէ խնդիր չունի։ Airbus А21 օդանավը դեռ չի վերադարձել, ժամկետների որոշակի խախտում է եղել, մենք էլ ամեն օր սպասում ենք, որ օդանավը վերադառնա։ Քանի որ ընկերությունն օդանավերի փոքր պարկ ունի՝ երկու օդանավ, դրանցից մեկը սպասարկում է այդ ուղղությունները, այս պահին չենք կարողանում թռիչքները կազմակերպել»,-ընկերության մամուլի քարտուղար Դիանա Կարապետյանը։
«Հայկական ավիաուղիներ»-ում ակնկալում էին, որ ինքնաթիռը վերադարձած կլինի մինչև դեկտեմբերի 9-ը, այդ օրվանից կսկսեն թռիչքների իրականացումը։ Բայց ինչպես տեսանք, օդանավը դեռ չի վերադարձել, այս պահին էլ հստակ չէ՝ երբ կվերադառնա։ Ընկերությունում հույս ունեն, որ հաջորդ շաբաթվանից կսկսեն իրականացնել կանոնավոր չվերթներ։
Ընկերության ներկայացուցիչն ասաց, «Հայկական ավիաուղիներ»-ի կայքից տոմս գնած բոլոր քաղաքացիներին առաջարկում են գումարի 100 տոկոս վերադարձ, ցանկության դեպքում կարող են փոփոխել չվերթի օրը։
«Միայն վերջին երեք օրվա ընթացքում հրատապությունից ելնելով մենք ապահովել ենք 64 ուղևորների ու նրանց ընտանիքի անդամների ուղևորափոխադրումն այլ ընկերությունների միջոցով։ Բացի այդ, որևէ խոսք չի կարող լինել վաուչերների մասին, մենք անմիջապես կամ փոփոխում են չվերթի ամսաթիվը, կամ միանգամից ավտոմատ համակարգով տոմս գնած քաղաքացուն փոխանցվում է գումարը»,-նշեց մամուլի պատասխանատուն։
Ավելի ուշ ավիաընկերությունը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որտեղ ասված է.
«Armenian Airlines-ը տեղեկացնում է ավիաընկերության օդանավի պլանային տեխնիկական աշխատանքների կատարման (C-check) ուշացման պատճառով թռիչքների վերսկսման ժամկետի փոփոխության մասին։ Ավիաընկերությունը չեղարկված թռիչքների ուղևորներին առաջարկում է տոմսի արժեքի ամբողջական փոխհատուցում, թռիչքի ամսաթիվը փոփոխություն։ Գումարի վերադարձի համար պետք է դիմել տոմսի գնման վայր կամ կազմակերպություն:
Թռիչքի ամսաթիվը փոխելու և այլ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել [email protected] էլ. հասցեին՝ կցելով ավիատոմսը և թողնելով կոնտակտային հեռախոսահամար:
Ավիաընկերությունն աշխատում է թռիչքները հնարավորին շուտ վերսկսելու ուղղությամբ և նախատեսում է, որ հաջորդ շաբաթ չվացուցակն ամբողջությամբ կվերականգնվի: Armenian Airlines-ը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարության համար»։