Երևանում ղազախական ֆիլմերի օրեր են

ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ մեկնարկել են ղազախական ֆիլմերի օրերը: Կինոյի տանը տեղի ունեցած բացման միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և  ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը: Հայաստանում ղազախական ֆիլմերի օրերի շրջանակում կինոսեր հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալու Ղազախստանի կինոգործիչների՝ վերջին տարիներին ստեղծված և մեծ արձագանք գտած խաղարկային ֆիլմերին: «Այս գեղեցիկ միջավայրում մեզ համախմբել է Հայաստանի և Ղազախստանի ամուր բարեկամությունը, և ղազախական ֆիլմերի անցկացումը հրաշալի առիթ է կինոսեր հանրության և հայաստանյան կինոգործիչների համար: Լիահույս եմ, որ այն նաև հիմք կհանդիսանա երկու երկրների կինոգործիչների համագործակցության խորացման և համատեղ ֆիլմերի ստեղծման համար»,- ողջունելով ներկաներին՝ ասել է Արթուր Մարտիրոսյանը: Նախարարի տեղակալի խոսքով` 2024 թվականը հագեցած էր Հայաստանի և Ղազախստանի փոխհամագործակցությամբ իրականացվող միջոցառումներով: Այս տարի Ղազախստանը հյուրընկալել էր Հայաստանի մշակույթի օրերը, որին մասնակցել են Հայաստանի և Ղազախստանի նախագահները, ինչպես նաև մշակույթի ոլորտը համակարգող նախարարները: Ղազախստանի արվեստի և կինոյի ոլորտի մասնագետները Երևանում մասնակցել են «Հիշողության կերպարանքները» և «Սոլիդարտ» միջազգային սեմինարներին: «Մերօրյա մշակութային համագործակցությունը շարունակում է զարգանալ՝ ընդգրկելով  արվեստի գրեթե բոլոր ուղղությունները։ Կինոյի, թատրոնի, երաժշտարվեստի գործիչները հաջողությամբ գործակցում են երկու պետություններում անցկացվող փառատոնային և մրցութային հարթակներում։ Համոզված եմ՝ համատեղ միջոցառումները կշարունակվեն նոր ձևաչափերով՝ նպաստելով Հայաստանի և Ղազախստանի մշակութային համագործակցության հետագա զարգացմանը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը: Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը: Երևանում ղազախական ֆիլմերի օրերը կազմակերպվել են Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև  Երևանում ղազախական ֆիլմերի օրերը կազմակերպվել են Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության պայմանագրի ստորագրման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:

 

Կիսվել սոց․ ցանցերում