Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանի խոսքով՝ վերջին շրջանում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, բավականին բարձրացել է սթրեսածին գործոնների քանակը, որին զուգահեռ մարդկանց դիմադրողականությունը նվազել է, ինչի պատճառով բոլոր հասարակությունները գտնվում են խրոնիկ սթրեսային ազդեցությունների ներքո։
«Այդ սթրեսային ազդեցությունների տակ գտնվելով՝ հասարակությունն ունի շատ լուրջ խնդիրներ՝ գնահատելու ցանկացած երևույթ։ Ահավոր թուլացած է նրանց մոտ վերլուծական ունակությունը, և ցանկացած տեղեկատվություն մեծ մասամբ ընդունում են որպես իրականություն, որովհետև սթրեսը նվազեցրել է ճիշտ մտածելու ունակությունը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է նա։
Վերջինիս խոսքով՝ ինչքան ծառայությունները մոտենում են բնակչությանը, այդքան այդ խնդիրների հայտնաբերումը շատանում է։ Ամբողջ աշխարհի տվյալների համաձայն՝ բնակչության 0,6-ից 1 տոկոսը, այսինքն՝ առնվազն 200-ից մեկը, ունի շիզոֆրենիա հիվանդություն, որից 7 տոկոսինը՝ ծանր և միջին հոգեկան խանգարմամբ:
«Ըստ ԱՀԿ-ի՝ բնակչության 25 տոկոսն էլ կյանքի ընթացքում ունենում է խնդիրներ։ Մեր իրականացրած հետազոտությունների համաձայն էլ, որոնք արվել են 2020-2022 թվականներին, բնակչության 60 տոկոսը գտնվում է միջին և ծանր սթրեսների ազդեցության տակ, մոտ 40 տոկոսի մոտ առկա է դեպրեսիա, հոգեմարմնական խնդիր։ Կարելի է ասել՝ աշխարհն ապրում է հոգեկան առողջության պանդեմիայի շրջանում»,- ասում է նա։
Սթրեսի պատճառները շատ են ու տարբեր, մասնագետն առանձնացնում է մի քանիսը. «Օրինակ՝ գերխիտ բնակչությունը, ինչքան մարդիկ շատ են, այդքան սթրեսն ավելանում է։ Ինֆորմացիայի շատ լինելը ևս նպաստում է սթրեսի շատությանը, հատկապես ավելի շատ սթրես առաջացնում է նեգատիվ ինֆորմացիայի մեծ ծավալը։ Իռլանդիայի մեր գործընկերները ներկայացրել են, որ վերջին 30 տարում երկրում շատացել է ինքնասպանությունների թիվը, և սա բացատրվում է նրանով, որ եկեղեցու դերը, կրոնի ազդեցությունը նվազել է։ Գաղափար, հավատ ունեցող մարդու մոտ սթրեսն ավելի քիչ է»։
Սթրեսի պատճառներից է նաև հարազատի մահվան հանդեպ անձի արձագանքը, ասում է Սողոյանը։ Նման դեպքերում խոցելի են համարվում դեռահասները, տարեցները։ Մասնագետի խոսքով՝ հարազատի մահը կարող է անձի զայրույթի պատճառ դառնալ այն մարդկանց մոտ, որոնց ինքնագնահատականն ու հնարավորությունները տարբեր են։
«Այսինքն, երբ մարդու սիրելի անձը մահանում է, նրա մոտ բնական ձգտում է առաջանում մեղավոր ու պատճառներ փնտրել, սկսում է մեղադրել բժշկին կամ հաստատությանը։ Նա ընկնում է մի էտապի մեջ, որտեղ անցնում է վշտի փուլերի միջով։ Շատ դեպքերում ասում են՝ բա չգիտեիր, որ այդ մարդը լավ բժիշկ չէր, ինչու էիր տարել նրա մոտ, սկսում են կողքից մեղադրանքներ հնչեցնել մահացածի հարազատի հասցեին, և դա ավելի է այդ անձին գցում սթրեսի մեջ։ Ազդում են նաև խոսքերը, թե եթե ժամանակին տանեինք, այդպես չէր լինի, չէր մահանա։ Դրանից անձի մոտ առաջանում է մեղքի զգացում, զայրույթ։ Մինչդեռ մահվան վերջնական եզրակացությունը տալիս է դիահերձումը կամ դատաբժշկական փորձաքննությունը»,- ասում է նա։
Իսկ այդ էմոցիաները կառավարելու համար, ըստ զրուցակցի, կարևորվում է արդեն, թե ինչպես տվյալ անձին կհայտնեն հարազատի մահը. «Ցանկացած հասարակություն նեգատիվը հեշտ է վերցնում։ Կարևոր է, որ մարդկանց հետ աշխատենք ու բացատրենք, որ հիվանդանոցներում հնարավոր է՝ մարդիկ նաև մահանան, պետք չէ մեղավոր փնտրել»։
Մերի Խաչատրյան
