ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԻ ՄԵԾ ՄԱՍԸ ՓԱԿՎԵԼՈՒ Է, ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ` ԹՈՂՆԵՆ-ԳՆԱՆ ԵՐԿՐԻՑ

2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանում շրջանառության հարկի դրույքաչափը կրկնակի կբարձրացվի, և կկրճատվի հարկային բեռի տարբերությունը ԱԱՀ-ի, շահութահարկի համեմատ։ Այդ փոփոխությունների արդյունքում առևտրի սուբյեկտների համար հարկը սահմանվում է 10 տոկոս, արտադրության դեպքում` 7 տոկոս, հանրային սննդի դեպքում` 12 տոկոս։ Միկրոձեռնարկատիրության որոշ տեսակներ դուրս կբերվեն շրջանառության հարկի այս համակարգից, դրանք են նոտարական, փաստաբանական, վիճակախաղերի կազմակերպման ծառայությունները, որոնք կանցնեն ավելացված արժեքի հարկման դաշտ եւ նրանց հարկերը միանգամից մի քանի անգամ կավելանան, ինչի դեմ գոնե փաստաբանները մեկ տարի համառ պայքար մղեցին, բայց ոչնչի չհասան։ Բանն այն է, որ պետական բյուջեի եկամուտները կրճատվել են եւ շարունակում են կրճատվել, իսկ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը շարունակում է շքեղ ապրել, անիմաստ ծախսեր անել, աշխարհով մեկ պտտվել եւ նրանց շատ փող է պետք, ուստի որոշեցին այդ փողը «քերել» հարկատուներից:

Փոփոխությունները, որոնք ի վնաս փոքր եւ միջին բիզնես ունեցողների են, խիստ մեծ դժգոհություններ են առաջացրել։ Ֆեյսբուքյան օգտատերերը ողողել են Փաշինյանի գրառումների մեկնաբանությունների դաշտը՝ շրջանառության հարկի, տույժ-տուգանքների աճին վերաբերող հարցերով ու քննադատություններով։ Ի պատասխան դրա Փաշինյանն այսօր տեսանյութ է տարածել, որտեղ խոսում է շրջանառության հարկի փոփոխության  մասին եւ նշում է, թե շրջանառության հարկի համակարգում արվող փոփոխությունն արվում է խոշոր բիզնեսների ստվերը կրճատելու, այդ թվում՝ թալանվածը և թալանվողը ետ բերելու համար․ «Սա թույլ կտա, որ խոշոր բիզնեսի ստվերը կրճատվի, իսկ օրինական աշխատող փոքր բիզնեսի համար էլ հարկը կնվազի․․․․Գործող օրենսդրությամբ ասվում է, որ առևտրի կետերը որպես հարկ պետք է վճարեն իրենց շրջանառության 5%-ը, եթե իրենց կողմից վաճառվող ապրանքները փաստաթղթավորված չեն, այսինքն, եթե որևէ ապրանք վաճառում են, չեն գրել, թե որտեղից են ձեռք բերել, իսկ եթե ցույց են տալիս, թե որտեղից են ձեռք բերել, այդ դեպքում հարկերը կարող են նվազեցվել և հասնել 1.5 տոկոսի», խիստ վիճելի եւ տնտեսագիտորեն ոչ գրագետ հայտարարություն է անում ՀՀ վարչապետը։

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանը ասում է՝ նախ պետք է հասկանալ, թե ինչ է շրջանառության հարկը, ապա նշում է՝ այն բյուջեի ընդհանուր եկամուտների մեջ որպես հարկային եկամուտներ ընդամենը 3%-ն է զբաղեցնում, դա այն չնչին գումարն է, որը հստակ որեւէ հարց չի լուծում․ «Շրջանառության հարկով ավելի շատ մինչեւ հիմա լուծվել է մեկ հիմնական խնդիր՝ սոցիալական եւ դեմոգրաֆիական, այսինքն՝ փոքր բիզնեսը, որը աշխատել է շրջանառության հարկի  դաշտում, վճարելով 5%, իրենք ստիպված չեն եղել փաստաթղթավորում իրականացնել, ծախսեր նվազեցնել, որը վերաբերում է ընդհանուր հարկման դաշտում  աշխատող սուբյեկտներին։ Հիմա թե ինչի համար են իրենք ուզում բերել հարկային դաշտ բոլոր տնտեսվարող սուբյեկտներին․․․․ Ես վստահ եմ, որ բոլորը ուշ թե շուտ հայտնվելու են հարկման դաշտում»։

Որպես մասնագիտական կարծիք՝ Ֆարմանյան հայտնում է, որ այս փոփոխություններով փոքր բիզնեսի մեծամասնությունը փակվելու է,  ներկայացուցիչները թողնեն, գնան երկրից․ «Ավելի փոքր բիզնես կա՝ մինչեւ 24 միլիոն դրամ շրջանառության հարկով, դրանց էլ բերեցին հարկման դաշտ, սա ճիշտ մոտեցում չեմ համարում։ Ինչ վերաբերում է նրան, որ սրանից տուժելու  է խոշոր բիզնեսը, ճիշտն ասած, մասնագիտորեն չեմ կարող հասկանալ՝ ի՞նչ նկատի ունի, այսինքն՝ ոնց պիտի խոշորը տուժվի։ Շատ պարզ բան գոյություն ունի․  խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, որոնք թելադրում են շուկայում, ասենք՝ «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցը, համարվում է նաեւ ներկրող, ներմուծման ժամանակ ամեն ինչ պարզ հաշվառվում է մաքսային  մարմիների կողմից, հետագայում, երբ վաճառք են իրականացնում, միեւնույն է՝ դրա համար հաշիվ է դուրս գրվում։ Դրա ձեռք բերողը կլինի փոքր բիզնեսի թե խոշոր բիզնեսի ներկայացուցիչ, այդ ամեն ինչը փատաթղթավորվում է։ Լավ, եթե նույնիսկ ընդունենք, որ գություն ունի ստվեր, դա պետության խնդիրն է, ուրեմն նշանակում է՝ անարդյունավետ վարչարարություն, չնայած որ ես ստվերի ռիսկ բացարձակ չեմ տեսնում այդտեղ։ Ես մասնագիտական առումով չեմ կարող մեկնաբանել, թե խոշորը ոնց է տուժում կամ մինչեւ հիմա խոշորը ո՞նց էր հարկերից խուսափում։ Եթե կա ստվեր, ստվերային շրջանառություն, դրա պատասխանատուն պետության համապատասխան պատկան մարմիններն են»։ Ի դեպ, խոշոր բիզնեսն աշխատում է ԱԱՀ-ի դաշտում` շրջանառության հարկը, այպես թե այնպես, օլիգարխներին չի վերաբերվում, այլ միայն փոքր բիզնեսին` վարսավիրանոցներ, կարի եւ այլ արհեստանոցներ, լրատվամիջոցներ եւ այլն:

Ինչ վերաբերում է շրջանառության հարկի դաշտում աշխատող փոքր առեւտրի կետերին, որոնց մասին ասում է, որ եթե իրենց ձեռք բերած ապրանքները փաստաթղթավորեն, կվճարեն 1-ից 2 տոկոս հարկ, ապա Ֆարմանյանն ասում է․ «Այդ փաստաթղթավորումը լրացուցիչ բեռ է, որը բավականաչափ բարդացնելու է եւ տնտեսվարողների ընթացիկ գործունեությունը, եւ լրացուցիչ ծառայություններից օգտվելը։ Չեմ կարծում՝ մանր բիզնեսի ներկայացուցիչները հեշտությամբ կարողանալու են ամեն ինչը փաստաթղթավորել։ Եթե լինեն այնպիսի պարտաճանաչ հարկ վճարողներ, որոնք կարող են փաստաթղթավորել գործունեությունը, այո, սրա մեջ կա դրական միտում, բայց նայելով այս կառավարության գործողությունները, ես վստահաբար կարող եմ պնդել, որ հաջորդ տարի անդրադառնալու են բոլորին»։
 

Կիսվել սոց․ ցանցերում