Սոցիոլոգիական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ռուսաստանը տարին փակում է, այսպես ասած, բողոքավորների 15-20 տոկոսանոց ցուցանիշով։ Դժգոհների քանակն այդ երկրում, փաստորեն, ո՛չ աճում է եւ ո՛չ էլ նվազում։ Փորձագետները, ինչպես նշված է nezigar ալիքի վերլուծականում, նկատում են, որ բողոքողների ցուցարարային տրամադրությունները թե՛ Մոսկվայում, թե՛ Պետերբուրգում եւ մյուս մեծ քաղաքներում հասցված է նվազագույնի՝ իշխանության կողմից ուժային մամլիչի ուժեղացման պատճառով։
Միաժամանակ, դժգոհությունների ալիքն աստիճանաբար տեղաշարժվում է ռեգիոններ, թեեւ այստեղ էլ բողոքի մասսայական արտահայտման համար ենթակառուցվածքներ եւ միջոցներ բառացիորեն չկան։ Իրավիճակն այնպիսին է, որ ցուցարարները դեմառդեմ միայնակ են թողնված ուժայինների հետ։ Կուսակցությունները եւ մյուս հանրային դերակատարները բողոքի ցույցերը չեն ներառում իրենց օրակարգեր, ինչը կարելի է համարել իշխանությունների ջրաղացին ջուր լցնել։
Անցնող տարվա ընթացքում Դաղստանում եւ Բաշկիրիայում տեղի ունեցան ազգամիջյան ցույցեր։ Բաշկիրիայում ցույցերը չեզոքացվեցին, իհարկե, սակայն լարվածությունը մնում է։ Ուժայինները կասկածում են, որ տեղի ղեկավար թիմի որոշ անդամներ ընդհատակից օգնում են ազգայնականներին։ Դաղստանում իրավիճակը շատ ավելի բարդ է։ Բողոքի ցույցերը, իհարկե, հնարավոր է լինում հանդարտեցնել, սակայն տեղում լուծման կարոտ խնդիրները չափազանց շատ են։ 2023 թվականին տեղի ունեցած ցույցերի մասնակիցների ազգականները պահանջում են, որ իշխանությունները մեղմ գտնվեն ձերբակալվածների հանդեպ, եւ հասկացնում են, որ խնդիրներին այլեւս հնարավոր չէ մատների արանքով նայել կամ դրանք անտեսել։ Դժգոհության առանձին թեմա են հանդիսանում կենցաղային հարցերը, որոնք շատ տեղերում դեռ անմխիթար վիճակում են։ Դրանցից են ջեռուցման, բնակկոմունալ ծառայությունների որակի եւ այլնի հետ կապված դժգոհությունները։ Նման բողոքի ոչ մեծածավալ ալիքներ եղան Մերձմոսկովյան մարզում, Կրասնոդարում։
Ամենից ծավալունը Կուրսկի մարզում բնակարանային հավաստագրերի ուշացման հետ կապված բողոքներն էին, որոնք բերեցին նահանգապետ Ալեքսանդր Սմիրնովի հրաժարականին։ Թեեւ կան մասնագետներ, որոնք կարծում են, որ Սմիրնովը, ընդհանուր առմամբ, ձախողել էր մարզի կառավարումը եւ դրա համար էլ նրան հանեցին զբաղեցրած պաշտոնից։ Նա, ամենայն հավանականությամբ, կկանգնի քրեական պատասխանատվության առաջ։
Դժգոհությունների հաջորդ թեման կապված է քաղաքաշինական քաղաքականության հետ։ Մարդիկ դժգոհ են, որ կառուցապատվում են պուրակները, մերձափնյա կանաչ գոտիները, զբոսավայրերը։ Ակտիվ են նաեւ կենդանասերները, բնապահպանները, բուժաշխատողները։ Տեղական մակարդակում նրանց ակտիվությունը բերել է նրան, որ իշխանությունները լոկալ եւ ռեգիոնալ մակարդակում բավականին շատ հարցերում զիջումների են գնացել։ Իշխանությունների որդեգրած թեզը, ըստ փորձագետների, հետեւյալն է․ «Հիմա բողոքելու ժամանակը չէ»։ Սակայն, ամեն դեպքում, կա սոցիալական որոշակի դժգոհություն, որը զսպվում է ուժային մեթոդով։ Թեեւ ե՛ւ Գլխավոր դատախազությունը, ե՛ւ Քննչական կոմիտեն սկսել են ավելի շատ ուշադրություն դարձնել բնակիչների բողոքներին, եւ որոշ հարցերում իշխանությունները տեղի են տալիս։ Ընդհանուր հանրագումարը մեկն է՝ բողոքի ցույցերի դուրս գալուն ռուսները մեծ մասամբ պատրաստ չեն, իսկ դժգոհությունները լոկալ են եւ կառավարելի։
