ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան Հայաստանում անցկացվող հայ-ռուսական մեդիահամաժողովի շրջանակում խոսելով երկու երկրների հարաբերության մասին հայտարարել է, թե անընդունելի է երկու ժողովուրդների միջև թշնամություն և ատելություն սերմանելու փորձերը՝ «Ռուսաստանին մեղադրելով հայ ժողովրդի բոլոր դժբախտությունների համար»: Սա այն դեպքն է, երբ պետք է լիովին համաձայնել Մարիա Զախարովայի արտահայտած մտքին, իհարկե դրա առաջին մասով միայն: Մասնավորապես, Մարիա Զախարովան իրավացի է, երբ ասում է, որ անընդունելի է երկու ժողովուրդների միջև սեպ խրելու, ատելություն սերմանելու որևէ փորձ: Դա բացարձակ անընդունելի է: Բայց, եթե անգամ կան այդպիսի փորձեր՝ իսկ փորձեր իհարկե կլինեն, հատկապես համաշխարհային «մութ ժամանակներում», ապա դրանք չեն արժանանում հաջողության և հայ ու ռուս ժողովուրդների միջև, հասարակությունների միջև չկա որևէ ատելություն և թշնամություն: Դրա ընդգծված վկայությունն է այն, որ, օրինակ տասնյակ հազարավոր, հարյուր հազարավոր ռուսաստանցիներ ժամանում են Հայաստան տուրիզմի համար, աշխատանքային նպատակներով, նաև մշտական բնակության, և հայ ժողովուրդը նրանց հանդեպ չի դրսևորում որևէ անբարյացկամ վերաբերմունք, նրանց ընդունում է ջերմությամբ, հյուրընկալությամբ: Այլ հարց է, որ Հայաստանի հասարակությունը ունի հարցեր Ռուսաստանի պետական քաղաքականության մշակներին և իրականացնողներին:
Պետք չէ նույնացնել նրանց ռուս ժողովրդի հետ, ինչպես օրինակ պետք չէ նաև արևմտյան որևէ երկրի քաղաքական ղեկավարության գործունեություն նույնացնել արևմտյան քաղաքակրթության, արժեքների, հանրությունների հետ: իսկ ռուսական պետական քաղաքականության մշակներին հայ ժողովուրդը ունի ոչ թե կամայական հարցեր, Հայաստանի հանրությունն ունի ոչ թե «օդից վերցրած» հարցադրումներ, այլ շատ կոնկրետ հարցեր և հիշեցումներ, որոնք բխում են հայ-ռուսական երկկողմ պայմանագրերից, պարտավորություններից, համաձայնություններից, այսպես ասած դաշնակցային ոգուց և տառից: Դրանք ամենևին Հայաստանը չէ, որ պարտադրել է Մոսկվային: Ավելին, հաճախ եղել է հակառակը՝ Հայաստանը մի շարք համաձայնությունների գնացել է Մոսկվայի քաղաքական ճնշման կամ դրա ռիսկի ազդեցությամբ, համարելով, որ ընդդիմանալը կարող է առաջացնել ավելի մեծ խնդիրներ: Հայաստանի հանրության պահանջները այդքանն են, ըստ էության ոչինչ ավելի:
Եվ, այո, եթե դաշնակից փոքրաթիվ, սահմանափակ ռեսուրսներով, բարդ ռեգիոնում գտնվող ժողովրդի հետ տեղի է ունենում դժբախտություն, ապա մեծ դաշնակիցը մեղմ ասած չի կարող պատասխանատու չդիտվել այդ դժբախտությունը թույլ տալու համար: Սա ըստ էության աքսիոմ է, որ կա դաշնակցային բոլոր հարաբերություններում: Եթե օրինակ ԱՄՆ դժբախտություն թույլ տա իր որևէ դաշնակից երկրի հանդեպ, ապա բնականաբար պատասխանատու է դրա համար որպես դաշնակից, լինելով անկասկած դաշնակցային զույգի անվիճելի առաջատարը: Ըստ այդմ, անգամ այդ համատեքստում Հայաստանի հանրության հարցադրումներն ու դիտարկումները անհիմն չեն, տրամաբանական են, օրինաչափ, բխում են ուժերի բալանսի տեսանկյունից անհամեմատ տարբեր երկրների միջպետական դաշնակցության տրամաբանությունից: Առավել ևս, եթե արդեն անմիջական մի շարք գործողություններով Ռուսաստանը ատ ավելի պատասխանատու «դաշնակցային» վարք է դրսևորել օրինակ Ադրբեջանի, քան Հայաստանի նկատմամբ:
Մոսկվան կարող է ունենալ սրա բազմաթիվ բացատրություններ, պարզաբանումներ, և գուցե հասկանալի ու հիմնավոր, սակայն դրա փոխարեն, ռուսական վերնախավային շրջանակները գերադասել են ու առ այսօր գերադասում են պարզապես «շրջել» պատասխանատու և հիմնավոր հարցադրումները և իրենց քարոզչական ու քաղաքական անհամեմատ ավելի մեծ ուժը և ռեսուրսը ուղղել պատասխանատվությունը Հայաստանի վրա դնելու համար: Եվ սրանով է, որ Ռուսաստանը ինքն է խթանում Հայաստանում այսպես կոչված «հակառուսական» ալիք, թե ակամա, թե նաև որոշ առումներով թերևս միանգամայն գիտակցված, այն գիտակցումով, որ ինքը դեռ շարունակելու է ավելի շատ և սերտ աշխատել Հայաստանի անվտանգության սպառնալիքի աղբյուրների, մասնավորապես Թուրքիայի եյ Ադրբեջանի հետ, հետևաբար «հակառուսականությունը» Հայաստանում պետք է հենց մեղադրանքները և հարցադրումները բարեհաջող «շրջելու» համար: Սրանք լրջագույն խնդիրներ են, որոնք իհարկե թե Հայաստանում, թե Ռուսաստանում ավելի քան երկու տասնամյակ կառավարող վերնախավերի անհամարժեք գործունեության հետևանքն է, և դա շարունակվում է ըստ էության առ այսօր և վերնաախավերից յուրաքանչյուրը զբաղված է իր մասշտաբի խնդիրներով:
