Նորզելանդացի կնոջ մարմնից ծննդաբերությունից մեկուկես տարի անց հանել են մոռացված վիրաբուժական գործիքը։ Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկացրել է People պարբերականը։
Ինչպես լրագրողներին է հայտնել Նոր Զելանդիայի Առողջապահության նախարարության վերահսկող մարմնի ներկայացուցիչ Մորագ Մակդաուելը, 2020 թվականին կեսարյան հատում կատարելուց հետո վիրաբույժները մոռացել են կնոջ որովայնում 17 սանտիմետրանոց պլաստիկ վիրաընդլայնիչը։ 2021 թվականին կինը դիմել է շտապօգնության բաժանմունք՝ բողոքելով ցավից։ Նրան նշանակել են որովայնի տոմոգրաֆիա և ներսում հայտնաբերել օտար առարկա։
Ինչպես պարզվել է, վիրաընդլայնիչը մոռացության է մատնվել այն պատճառով, որ այն նշված չի եղել նախապես կազմված, վիրահատության համար նախատեսված գործիքների ցանկում։ Վիրաբույժը որոշել է այն օգտագործել արդեն աշխատանքի ժամանակ, երբ տեսել է, որ ցուցակում նշված գործիքը շատ փոքր է։
Բժիշկները գրավոր ներողություն են խնդրել հիվանդից։ Դեռ հայտնի չէ, թե ինչ պատիժ կկիրառվի նրանց նկատմամբ։
