Աлիևի վերջին հայտարարություններից հետո Փաշինյանը կհիշի Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին. Մեդվեդև

ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի ղեկավարի կոշտ հայտարարություններից հետո կհիշի երկրի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։

«Չեմ զարմանա, եթե Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, կամ այլ տարբերակ՝ հաշվի առնելով Հայաստանի ղեկավարների՝ Եվրամիության հետ նշանադրվելու մտադրությունը։

Կարող եք ուղղակիորեն կապվել ԵՄ հետ։ Նրանք սիրում են փողով և զենքով օգնել դրախտի թեկնածուներին։ Եվրամիությունն իր ետևում ունի ուկրաինական հիանալի փորձը»,- ասել է Մեդվեդևը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 7-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հերթական անգամ սպառնացել է Հայաստանին պատերազմով, ինչպես նաև կասկածի տակ է դրել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումը։ 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանը անվանել է Հարավային Կովկասի համար սպառնալիքի աղբյուր և հայտարարել, որ «Հայկական անկախ պետությունն ըստ էության ֆաշիստական պետություն է»:

Ալիևը նաև «խորհուրդ է տվել» Ֆրանսիային ու մյուս երկրներին հրաժարվել Հայաստան զենքի մատակարարումներից:

Նա Հայաստանին մեղադրել է «տարածաշրջանային անվտանգությանը սպառնալիք ներկայացնելու» համար՝ ասելով, որ մոտ 30 տարի Հայաստանը ղեկավարել են «ֆաշիստական գաղափարախոսության» ենթադրյալ կրողներ, որոնք երկիրը ձևավորել են «իրենց կերպարով»։ 

Ալիևը փաստացի սպառնացել է հնարավոր ռազմական միջամտությամբ՝ ասելով, որ եթե Հայաստանը «ինքնուրույն չազատվի այդ «ֆաշիստական» դրսևորումներից, ապա Ադրբեջանը ստիպված կլինի «գործել»։

Ալիևը նաև ասել է, որ Հայաստանը չպետք է «աշխարհագրական պատնեշ լինի» Թուրքիայի և Ադրբեջանի միջև՝ կրկին սպառնալով բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»:

Կիսվել սոց․ ցանցերում