«Բոլոր այն վատ արարքները, որոնք դու կյանքում գործում ես, բումերանգի օրենքով հետ են վերադառնում». Սամվել Դանիելյանը՝ «Կարմա. Ժամը կգա» հոգեբանական դրամայի մասին

«Շունչ» թատրոնի նոր հոգեբանական դրաման կստիպի հանդիսատեսին մտածել իր քայլերի, ընտրությունների և դրանց հետևանքների մասին։

«Կարմա»-ն պատմություն է երեք տղամարդկանց մասին, որոնք հայտնվում են մութ իրականության կիզակետում, որտեղ ճշմարտությունն ու խաբեությունը խառնվում են իրար։

Կյանքում ամեն ինչ վերադառնում է, և ամեն ինչ ունի իր վերադարձի ճիշտ ժամը։ Դա է Կարմայի անխուսափելի օրենքը:

«Հավատարիմ մնալով մեր սկզբունքներին՝ որոշեցինք, որ գրվի նոր պիես հատուկ Շունչ թատրոնի համար:

Այս անգամ համագործակցում ենք Էդգար Կոստանդյանի հետ, ով մեզ համար գրում է «Կարմա. Ժամը կգա» ներկայացումը»,- Tert.am Life-ի հետ զրույցումն պատմեց թատրոնի տնօրեն Սամվել Դանիելյանն, ով ներկայացման մեջ մարմնավորելու է գլխավոր հերոսներից մեկին:

«Շունչ թատրոնն անդրադառնում է այն թեմաներին, որոնք կհետաքրքրեն հասարակությանն անկախ տարիքից և սեռից»,- նշեց դերասանն, ում կարծիքով այս ներկայացումը շատ կարևոր ասելիք ունի:

«Բոլոր այն վատ արարքները, որոնք դու կյանքում գործում ես, բումերանգի օրենքով հետ է վերադառնում քեզ: Եվ, եթե գիտակցում ես քո վատ արարքները, պետք է ապաշխարհես, մաքրվես, արդար ու ազնիվ կանգնես դատաստանի առաջ:

Էդգար Կոստանդյանի հետ շատ մանրամասն ենք աշխատում, միասին վերընթերցում ենք, փոփոխություններ ենք անում»,- նշեց մեր զրուցակիցը:

Ներկայացման 3 դերակատարներն էլ տղամարդիկ են, որոնց մարմնավորում են Սամվել Դանիելյանը, Սեյրան Մովսիսյանն ու Սաշա Սուքիասյանը: Բեմադրությունը Շուշան Ղազարյանինն է, երգերի հեղինակը Արվին Քոչարյանն է, գործիքավորումն իրականացրել է Վահե Գրիգորյանը:

Ներկայացումն իր տեսակով՝ ըստ Սամվել Դանիելյանի նորություն է լինելու հանդիսատեսի համար:

«Ներկայացման ժամանակ օգտագործվելու են տարբեր հնարքներ, չեմ ուզում բացել չակերտները: Ինչ վերաբերում է կերպարներին՝ 3 տարբեր կերպարներ են, որոնք նույն խնդրի հետ առնչվելով հավաքվել են նույն տեղում: Նրանցից յուրաքանչյուրը խոստովանելով իր մեղքը՝ հանդիսատեսին փոխանցում է այն ուղերձը, որ ոչ մի մեղք հենց այնպես չի անցնում: Եթե անգամ ոչ ոք չնկատի, միևնույն է Աստված նկատում է: Շատ ավելի խելամիտ է վատ արարք գործելուց հետո կարողանալ ընդունել սխալն ու արդար կանգնել խոստավանության:

Թեման շատ խոցելի է, ու վստահ եմ, որ պրեմիերայից հետո ներկայացումը շատ մեծ տարածում է ունենալու»,- ամփոփեց Սամվել Դանիելյանը:

Ներկայացման պրեմիերան նախատեսված է փետրվարի 27-ին՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում:

Հեղինակ՝ Անի Մնացականյան

Կիսվել սոց․ ցանցերում