Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ

Այս օրերին կտրուկ ավելացել են ԱՆԻ կենտրոնի կայք այցելողների թիվը, ինչը, անկասկած, պայմանավորված է նրանով, որ 10 տարիների ընթացքում մենք ստեղծել ենք տաբուներից, առասպելներից զերծ արխիվ մեր պատմության ամենաողբերգական, վճռական ու ճակատագրական ժամանակաշրջանի՝ Հայաստանի Հանրապետության երեք տարիների, հիմնադրամանը նախորդող և հաջորդող ժամանակների մասին պատմող արխիվ:
Այն անդադար լրացվում է, իսկ վերջին շրջանում մենք նաև ավելացնում ենք 1922-1936 թվականների՝ Խորհրդային Հայաստանի և Անդրֆեդերացիայի մասին պատմող հրապարակումները:
Իմ տեսակետը Հայաստանի Հիմնադիր հայրերի մասին չի փոխվել, իսկ հիմնադիր վարչապետ Հովհաննես Քաջազնունուն համարում եմ հայ քաղաքական մտքի իրատես, սթափ և իմաստուն դեմքը:
Ուզում եմ կրկնել մի բան, որի մասին արտահայտվել եմ 2014-ից սկսած:
Բաթումի դաշնագիրը, այն է՝ Հայաստանի Հանրապետության և Օսմանյան կայսրության միջև Հաշտության և բարեկամության պայմանագիրը համարում եմ հեռատես քայլ, որով և մեր ազգը փրկվեց վերջնական կործանումից, և այդ պատճառով՝ խունկ և խոնարհում հիմնադիր հայրերի հիշատակին:
Երբ ես ԱՆԻ կայքում տեղադրում եմ հրապարակումներ հայերի և երիտթուրքերի կապերի, շփումների և հարաբերությունների մասին, այդ թվում և առաջին հերթին՝ Հանրապետության շրջանում, դա անում եմ ոչ թե հարվածելու, այլ ցույց տալու, թե ինչպես հիմնադիր հայրերը, սեղմելով ատամները, ձեռք մեկնեցին երիտթուրք ոճրագործներին, որոնք ծրագրել և իրականացրել էին Հայոց ցեղասպանությունը 1915-1916 թվականներին:
Ինչքան կների իմ առողջությունը և ինչքան կներեն ուժերս, շարունակելու եմ ներկայացնել մեր պատմության ամենվիճելի շրջանների մասին այլընտրանքային, տաբուներից ու միֆերից զերծ գործեր:
Մենք պետք է իմանանք մեր պատմության յուրաքանչյուր դրվագ:
Չկա՛ դաշնակցական Հայաստան,
չկա՛ բոլշևիկյան Հայաստան,
չկա՛ ՀՀՇ-ական Հայաստան,
չկա՛ Քոչարյանական Հայաստան,
չկա՛ Սերժական Հայաստան,
չկա՛ Նիկոլական Հայաստան,
կա ՄԵԿ ՀԱՅԱՍՏԱՆ, որը պետք է ՊԱՀԵՆՔ ու ՊԱՀՊԱՆԵՆՔ:
Թ. Հ.
3 փետրվար, 2025թ

Կիսվել սոց․ ցանցերում