Օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժը, որը հղում անելով ԱՄՆ պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերին, բացահայտեց, թե 1999-2001 թթ. ինչ բանակցություններ են եղել Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ Մեղրու հարցով, մեծ հաշվով նորություն չէր: Այդ մասին տեղյակ էին այն տարիներին իրադարձությունների կենտրոնում գտնվող քաղաքական-հասարակական գործիչները, լրագրողները: Եվ ինչպիսի «արդարացումներ » էլ փորձեն գտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու իր օրոք տասը տարի արտգործնախարար աշխատած Վարդան Օսկանյանը, ջինը շշից դուրս է եկել, եւ ակնհայտ իրողություններն այլեւս չեն կարող հերքել, ինչպես վարվում էին իրենց պաշտոնավարման շրջանում եւ դրանից հետո:
Պոլ Գոբլի պլանի մասին սկսեցին խոսել ու գրել տարբեր քաղաքագետներ, փորձագետներ, լրագրողներ, անգամ նրանք, ովքեր գուցե առաջին անգամ էին լսում նրա անունը եւ տեղյակ չէին, թե երբ եւ ինչ է բանակցվել:
Ո?վ է այդ չարաբաստիկ Գոբլը, ի?նչ է առաջարկել իրականում: Չէ? որ նա մինչեւ վերջերս էլ հարցազրույցներ էր տալիս հայկական ԶԼՄ-ներին:
Քանի որ հիմա շատ փաստաթղթեր են գաղտնազերծվել, հարկ համարեցինք մենք էլ դիմել որոշ գաղտնազերծված փաստաթղթերի օգնությանը, որոնք ամփոփված են միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի «Հայաստանն ու Բուշն անձամբ » գրքում:
«1992-ի հունվարի երկրորդ կեսին Պետդեպի ազգերի գծով փորձագետ, հետախուզության եւ հետազոտության բյուրոյի, հետո նաեւ`Եվրոպական հարցերով բյուրոյի դիվանագետ Պոլ Գոբլը հեռանում է Պետդեպարտամենտից եւ աշխատանքի անցնում Քարնեգի հիմնադրամում: Լինելով անկախ փորձագետ եւ տիրապետելով ԽՍՀՄ-ում գոյություն ունեցող ազգային խնդիրներին` նա ստանում է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման փաստաթուղթ պատրաստելու առաջարկ»,- գրված է գրքում:
Ահա թե ինչ է պատմում Պոլ Գոբլը. «Ղարաբաղը բնակեցված է հայերով: Եթե հայերը չեն ուզում, որ իրենց այնտեղից դուրս հանեն, ապա պետք է գտնել այն Հայաստանի մասը դարձնելու տարբերակ, կամ` ինչ-որ ձեւով այն դարձնել Հայաստանի շարունակություն: Խնդիրն այն էր, թե ինչպես պետք է դրան համաձայներ Ադրբեջանը: Եթե Բաքվի ղեկավարությունը զիջեր Ղարաբաղն ու երկրի արեւմտյան շրջանները, իշխանության մնալ չէր կարողանա: Ոչ մի կառավարություն չի կարող տալ իր տարածքի մեծ հատվածներ եւ պահել իշխանությունը: Պետք է հասկանալ, որ Ադրբեջանում ոչ մի իշխանություն մի օր չի զարթնելու եւ ասելու, թե սխալվել է, թե Ղարաբաղը բնակեցված է հայերով ու պետք է լինի Հայաստանի մասը: Կարող են ասել, բայց իշխանության երկար չեն մնա: Հետեւաբար, միակ տարբերակը դրա փոխարեն Ադրբեջանին իր ուզածը տալն էր` Զանգեզուրի միջանցքը: Դրանով Ադրբեջանը կկապվեր Նախիջեւանի հետ: Իմ առաջարկը, որը հայտնի էր դարձել «Գոբլի պլան » անունով, ենթադրում էր, որ Ղարաբաղը պետք է միանար Հայաստանին, Զանգեզուրն էլ` Ադրբեջանին »:
Ըստ գաղտնազերծված փաստաթղթի` տարածքների փոխանակման գաղափար է ունեցել նաեւ Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը: Նա այդ մասին խոսել է 1992-ի ապրիլի 28-ին Սպիտակ տանը` Բուշի հետ հանդիպման ժամանակ:
«Գաղտնազերծված արձանագրությունից կարելի է տպավորություն ստանալ, որ ԱՄՆ բարձր ղեկավարությունն այնքան էլ լավ չէր պատկերացնում ո’չ Հայաստանի խնդիրները, ո’չ էլ Լեռնային Ղարաբաղի խնդրի բուն էությունը: Օգտվելով դրանից` Թուրքիայի նախագահը փորձում էր առաջ մղել Թուրքիայի, հետեւաբար` նաեւ Ադրբեջանի շահերից բխող առաջարկներ` շահարկելով ԱՄՆ բարդ հարաբերություններն Իրանի հետ, եւ Ռուսաստանի շահերը տարածաշրջանում »,- ամփոփում է հեղինակը:
Թագուհի Հակոբյան
