Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին` ընդգծելով ոլորտում հայ-իրանական ջերմ, եղբայրական հարաբերությունները եւ դրանք խթանելու անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Դեսպանն առանձնացրել է բժշկագիտության, դեղագործության, բժշկական սարքավորումների եւ բժշկական կրթության ոլորտում փոխադարձ ձեռքբերումները: Այս ուղղություններով փոխգործակցությունը համակարգելու նպատակով Իրանում եւ Հայաստանում կստեղծվեն հատուկ կոմիտեներ:
Մեր երկրում կկազմակերպվի նաեւ իրանական արտադրության դեղերի եւ բժշկական նշանակության ապրանքների ցուցահանդես: Ակտիվ աշխատանքներ կլինեն բժշկական կրթական հաստատությունների ավարտական փաստաթղթերի փոխճանաչելիության ուղղությամբ:
Նախարարը եւ դեսպանը քննարկել են նաեւ ոչ վարակիչ` սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի կանխարգելման, վաղ հայտնաբերման եւ բուժման ուղղությամբ աշխատանքները, ինչպես նաեւ բժշկական տուրիզմը զարգացնելու հնարավորությունները:
Անահիտ Ավանեսյանը դեսպանի միջոցով Հայաստան այցելելու հրավեր է փոխանցել Իրանի առողջապահության եւ բժշկական կրթության նախարար Բահրամ Էյնոլլահին:
