Բրազիլիայից մի զույգ ապացուցում է, որ սերը չի ճանաչում ժամկետներ: Մանոել Անգելիմ Դինոն և Մարիա դե Սոուզա Դինոն Գինեսի համաշխարհային ռեկորդ են սահմանել՝ ամուսնացած լինելով 84 տարի 77 օր։ Նրանց ռեկորդը հաստատվել է Սուրբ Վալենտինի օրը LongeviQuest կազմակերպության օգնությամբ, որը մասնագիտացած է երկարակյացների կյանքի ուսումնասիրության մեջ։ Այս մասին հայտնել են Գինեսի ռեկորդների գրքից:
105-ամյա Մանոելն ու 101-ամյա Մարիան ամուսնացել են 1940 թվականին՝ Սեարա նահանգի Բոա Վենտուրա մատուռում և այդ ժամանակվանից եղել են անբաժան:

Նրանք ծանոթացել են 1936 թվականին, սակայն Մարիայի մայրը սկզբում չէր ընդունում այս հարաբերությունները։ Մանոելը ստիպված էր քրտնաջան աշխատել, որպեսզի ձեռք բերի նրա ընտանիքի վստահությունը։ Միասին նրանք ստեղծեցին իրենց ապագան՝ Մանոելը սկսեց կառուցել տուն, որտեղ պիտի ապրեին միասին։
Այս տարիների ընթացքում զույգը մեծացրել է 13 երեխա, ովքեր այսօր դարձել են նրանց հպարտությունը՝ պարգևելով 55 թոռ, 54 ծոռ և 12 կոռ։
Մանոելն ու Մարիան իրենց օրերն անցկացնում են խաղաղության մեջ: Ներկայումս Մանոելը նախընտրում է հանգստանալ առավոտյան, բայց երեկոյան հաճախ միանում է Մարիային՝ միասին լսելու ռադիո։
Այսպիսով, ո՞րն է երկարատև ամուսնության գաղտնիքը: Ըստ Մարիայի և նրա ընտանիքի, դա պարզ է՝ սեր: Դա այն է, ինչ նույնիսկ ամենաառաջադեմ համակարգիչը չի կարող երբեք հաշվարկել:

