«Հորեղբայրս կբարկանար, եթե իմանար, որ իր մասին ֆիլմ է նկարվել». կայացավ «Վшզգեն. Վերջին Սպшրապետը» ֆիլմի պրեմիերան

Երեկ՝ մարտի 5-ին, Սպարապետի ծննդյան օրը «Կինոմոսկվա»-ում կայացավ հանդիսատեսի կողմից երկար սպասված «Վազգեն. Վերջին Սպարապետ» ֆիլմի պրեմիերան, որին ներկա էր ողջ ստեղծագործական խումբն ու Վազգեն Սարգսյանի ընտանիքի անդամներն ու բարեկամները: Կարմիր գորգի արարողությանն ու ֆիլմի նախադիտմանը ներկա է եղել նաև Tert.am Life-ը, պրեմիերայից հետո զրուցել դերասանական կազմի հետ ու առանձնացրել երեկոյի կարևոր դրվագները:

«Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից: Օգնենք, որպեսզի յուրաքանչյուրը վառի իր մոմը, և համոզված եմ՝ մոտ ապագայում Հայաստանը կհայտնվի լույսի մեջ»,- ֆիլմի պրեմիերայից առաջ Սպարապետի խոսքերը մեջբերեց նրա կերպարը  մարմնավորող Խորեն Լևոնյանը:

Արդեն պրեմիերայից հետո դերասանը դժվարացավ բառերով նկարագրել իր էմոցիաները:

«Շատ բարդ է, բայց հիմա ավելի հանգիստ եմ, քան մինչ պրեմիերան, անչափ լարված էի: Ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստանալուց հետո մինչ այս պահը ես լարված եմ ու չգիտեմ դեռ որքան կշարունակվի: Դժվար ու դաժան  է եղել, որովհետև ներքին հարցեր կան: Իմ ու հերոսիս մեջ աշխարհայացքի նմանություններ եմ գտնում, այդ հարցերի պատասխաններն անդադար ման եմ գալիս: Մենք սխալներ ունենք, որոնք կարծում եմ՝ պետք է ուղղենք»,- նշեց դերասանը:

Խորեն Լևոնյանը նկատեց, մինչ այս ֆիլմում նկարահանվելը բոլորն ասում էին, որ շատ նման է իր պապիկին:

«ֆիլմից հետո բոլորն ասում են՝ ինչ նման ես Վազգենին»:

Ֆիլմի բոլոր դրվագներում Խորեն Լևոնյանի ձայնը, քայլվածքը, արտաքին տեսքն ու հայացքը հիշեցնում է Սպարապետին, բայց դերասանը նշեց, որ աշխատել է իր ձևով ու ոճով հանդիսատեսին հասցնել նրա էությունն ու մտածելակերպը, այլ ոչ թե «տնազ արել»:

«ֆիլմի ասելիքը մեկն է՝ Հայաստան, հայ, հայրենիք, սեր»,- ընդգծեց Խորեն Լևոնյանը:

Ֆիլմի մտահղացման հեղինակը՝ Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրը նշեց, որ ֆիլմում որևէ դրվագ հորինված չէ։

«1 տարեկանում եգիպտացորենի հատիկը կանգնել է կոկորդին, բժիշկներն ասել են, որ երեխան մահացած է, բայց, հրաշքով կարողացել է շնչել մինչև ծնողները տեղափոխել են Երևան», — պատմեց Նոնո Սարգսյանը:

Հարցին՝ ինչպես կարձագանքեր Վազգենը ֆիլմը դիտելիս, Նոնոն նկատեց, որ հաստատ կբարկանար, եթե իմանար, որ իր մասին ֆիլմ է նկարահանվել։

«Նա չէր սիրում, երբ իր կենացն էին խմում կամ իր մասին երգում»:

Ֆիլմի վերջին դրվագի մասին խոսելիս՝ Նոնո Սարգսյանը ընդգծեց.

«Վազգեններ կան և լինելու են։ Կյանքը շարունակվում է։ Մենք պետք է շարունակենք նրա գործը և  չհուսահատվենք»:

Ֆիլմի պրեմիերային ոչ պակաս հուզված ու տագնապած էր եկել նաև դերասանուհի Մարջան Ավետիսյանն, ով մարմնավորում է Գրետա մայրիկին: Դերասանուհին պրեմիերայից հետո անկեղծացավ, որ իր խաղը մասամբ հավանել է:

«Մտավախությունս ավելի շատ արտաքինի հետ էր կապված, իսկ ցանկացած կերպարիս մեջ գտնում եմ սխալվեր: Հուսամ ֆիլմը հույզեր կառաջացնի»,- անկեղծացավ Մարջան Ավետիսյանը:

Հիշեցնենք՝ Ֆիլմի սյուժեի առանցքում Վազգեն մարդն է, որդին, զգայուն հորեղբայրը, տաղանդավոր գրողը, սիրող տղամարդը, ռազմական ու պետական գործիչը: Ներկայացվում են նրա կյանքի գրեթե բոլոր փուլերը, որոնք միահյուսված են մեր երկրի նորագույն պատմության նշանակալի իրադարձություններին:

Ֆիլմը նկարահանել է Genetic Production-ը: Գլխավոր պրոդյուսերը և մտահղացման հեղինակը Նոնո Սարգսյանն է, սցենարի հեղինակները՝ Լևոն Սարգսյանն ու Արամ Կարապետյանը, ով նաև բեմադրող ռեժիսորն է, երաժշտության հեղինակը՝ Արմեն Մարտիրոսյանը, իսկ բեմադրող նկարիչը՝ Արմեն Ղազարյանը:

Կիսվել սոց․ ցանցերում