«Հայաստանին մատակարարվող ավերիչ զենքերն ուղղված են մեր դեմ: Հնարավոր է, այսօր դրանք այլ տեղ են պահանջվում։ Բայց այդ զենքերն ուղարկվում են Հայաստան»։ Բաքվի XII գլոբալ ֆորումի բացման արարողության ժամանակ իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին անդրադարձել է Հայաստանին մատակարարվող պաշտպանական սպառազինությանը և կրկին չի խոսել այն մասին, թե Ադրբեջան ինչ զենքեր են մատակարարվում:
Նա դարձյալ անդրադարձել է Եվրոպական դիտորդական առաքելությանը և կրկին համարել, թե դա «ԵՄ հետախուզական առաքելություն է»: Ադրբեջանի նախագահի խոսքով՝ իրենք այդ հարցերը բարձրացրել են Հայաստանի ներկայացուցիչների և Բրյուսելում նստած նոր առաջնորդների առաջ. «Այժմ նրանք փոխարինել են իրենց (հայերի) մեծ եղբորը: Այժմ այդ «մեծ եղբայրը» դարձել է Բրյուսելը»:
Ալիևն իրեն թույլ է տվել խոսել «կոռումպացված» ամերիկացի քաղաքական գործիչների մասին, որոնք «տասնամյակներ շարունակ աջակցել են հայկական սփյուռքին»: Ալիևը այս համատեքստում խոսել է Ռոբերտ Մենենդեսի մասին, որին, նրա խոսքով, լրջագույն խնդիրներ են սպասում: «Նրա նմաններն իրենցից (հայկական սփյուռքից) փող են վերցնում և դնում իրենց գրպանը։ Օրինակ՝ դրանով են զբաղվում պարոն Ադամ Շիֆը, պարոն Ֆրենկ Փալոնը, տիկին Նենսի Փելոսին և շատ ուրիշներ։ Նրանք տասնամյակներ շարունակ փող են ստանում ԱՄՆ-ի հայկական սփյուռքի կազմակերպություններից՝ Ադրբեջանի վրա հարձակվելու և վարկաբեկելու համար»։