Հայ-Դանիական հարաբերությունների զարգացման քննարկում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Դանիայի պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգարդի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայ-դանիական հարաբերությունների շարունակական զարգացումը, քննարկել միջխորհրդարանական համագործակցության, տարածաշրջանային անվտանգության, քաղաքական, տնտեսական ոլորտներին վերաբերող հարցեր: Հակոբ Արշակյանն ընդգծել է Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող փոխգործակցության կարևորությունը: ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծին, շնորհակալություն հայտնել դանիական կողմին խաղաղության հաստատման հարցում հետևողական աջակցության համար: Սյորեն Սյոնդերգարդը նշել է, որ աջակցում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և խաղաղության հաստատման Հայաստանի ջանքերին: Նա ընդգծել է խաղաղության համաձայնագրի և տևական խաղաղության հաստատման կարևորությունը և իրական քայլերի անհրաժեշտությունը՝ խաղաղության գործընթացի հաջողությունն ապահովելու համար: Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման և ԵՄ-ի հետ հարաբերությունների ընդլայնման համատեքստում Հակոբ Արշակյանն ընդգծել է Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացի կարևորությունը: Դանիական կողմը պատրաստակամություն է հայտնել բոլոր քննարկված ուղղություններով հայկական կողմին աջակցություն ցուցաբերելու հարցում: ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում են ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:

Կիսվել սոց․ ցանցերում